44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին շվեյցարական Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։
Օրեր անց շվեյցարական քաղաքի բանաձևի մասին շվեյցարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսեց վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ժնևի քաղաքային խորհուրդը շատ խորհրդանշական մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ «անջատում հանուն փրկության» գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը:
Նիկոլ Փաշինյան - Բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանն ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի:
«Անջատում հանուն փրկության» եզրույթը միջազգային իրավունքում նորույթ չէ։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանում է. խոսքն առաջին հերթին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման մասնավոր դրսևորման մասին է: Ղարաբաղյան շարժման ամենասկզբից «անջատում հանուն փրկության» կոնցեպտը գուցե մի փոքր այլ ձևակերպումներով և տերմինաբանությամբ, բայց շրջանառության մեջ եղել է: Կիրակոսյանը ներկայացնում է, թե երբ է դրա կիրառությունը անհրաժեշտություն դառնում:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավունքի մասնագետ) - «Անջատում հանուն փրկության» կամ անգլերեն ասած՝ Remedial Secession-ի գաղափարը ի հայտ գալիս է այն ժամանակ, երբ որ կոնկրետ ժողովրդի խումբը, այս կամ այն պետության տարածք հանդիսանալով կամ միավոր լինելով, զրկված է կամ պարբերաբար կրում է զրկանքներ, իրավունքի կոպտագույն խախտումներ, իրավունքի ոտնահարումներ կամ գտնվում է բնաջնջման եզրին կամ ներքո է:
«Անջատում հանուն փրկության» կոնցեպտը թղթի վրա մնացած զուտ իրավական ձևակերպում չէ, այն արդեն մի քանի անգամ հաջողությամբ կիրառվել է Բանգլադեշում, Հարավային Սուդանում և, թերևս, ամենացայտուն օրինակը՝ Կոսովոյում, որի հետ հաճախ են համեմատում արցախյան հակամարտությունը: Կոսովոյի կոնֆլիկտը երկար տարիներ ուսումնասիրած Արտակ Խաչատրյանը նկատում է՝ այն ղարաբաղյան հակամարտությունից տարբեր է, բայց ընդհանրություններ ևս կան:
Արտակ Խաչատրյան (ազգագրագետ) - Փորձը ցույց է տալիս, որ թե՛ Կոսովոյի ալբանացիները, թե՛ արցախահայությունը ֆիզիկական և մշակութային վերացման սպառնալիքի ներքո էին, ինչն էլ ավելի օրակարգային ա դարձնում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառումը:
Ֆիզիկական անվտանգության դրույթը «անջատում հանուն փրկության» կոնցեպտի անկյունաքարն է: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հիմնաքարերից էր: Պատերազմից հետո տրամաբանական կլիներ, որ ռազմատենչ հռետորաբանությունը, հայերին ոչնչացնելու սպառնալիքները դադարեին, հատկապես որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում էր, թե թշնամանքը պետք է անցյալում թողնել, բայց ատելության խոսքն այս անգամ նոր, շատերի երևակայության մեջ չտեղավորվող տեսք ստացավ՝ Բաքվի կենտրոնում բացվեց, այսպես կոչված, «ռազմավարի պուրակը», որին քաղաքակիրթ աշխարհն այլ անունով կնքեց՝ «ատելության պուրակ»:
Եղիշե Կիրակոսյան - Ակնհայտ է, որ այդ բոլոր գործոնները, որ համախումբ ներկայացվում են, հատկապես վերջին տասնամյակների ատելության կուտակված փորձը՝ Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու մթնոլորտի կառուցման, ինքնին ապացուցում են, որ գոյությունը Ադրբեջանի կազմում ուղղակի անհնար է, հնարավոր չէ:
Միջազգային իրավական գործընթացներում, ինչպիսին, օրինակ՝ պետությունների անկախացումն է, քաղաքական բաղադրիչը չի կարող անտեսվել: Մասնագետների համոզմամբ՝ հաջողություն հնարավոր կլինի ակնկալել այն ժամանակ, երբ մեր իրավական հաղթաթղթերը կարողանանք զուգակցել քաղաքական իրողություններին:
Արտակ Խաչատրյան - Կարևոր է էստեղ մեծ տերությունների, միջազգային խաղացողների շահագրգռվածությունը խնդրին:
Եղիշե Կիրակոսյան - Քաղաքական բաղադրիչը միշտ մեծ է, սակայն դա չի չեղարկում իրավական բաղադրիչը, որովհետև, կարծում եմ՝ մեր պարագայում իրավական բաղադրիչը սրված է հենց իրավիճակի սուր լինելու պատճառով նաև, և կարծում եմ՝ դա քաղաքական առումով ստեղծում է լրացուցիչ փաստարկներ այս կոնցեպտի:
Կարգավորման այս և այլ տարբերակների Բաքուն դեմ է, մերժում է նույնիսկ արդեն գոյություն ունեցող ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերը: Միայն համանախագահ երկրների համապատասխան հայտարարություններից հետո Բաքվում կարծես թե հասկացել են՝ Մինսկի խումբը կա և գոնե այս փուլում շարունակելու է գործել: Հիմա, սակայն, Ադրբեջանը նոր թիրախ ունի՝ Ֆրանսիան: Բաքվում պնդում են՝ եթե նույնիսկ համաձայնեն վերսկսել բանակցությունները, Փարիզին՝ որպես իրենց ձևակերպմամբ՝ հայամետ միջազգային կենտրոնի, պետք է հեռացնել Մինսկի խմբից: Փարիզում լավ են հասկանում Բաքվի կամակորության պատճառը:
Մարգրիտ Դըպրե-Օդըբեր (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր) - Ֆրանսիան պետք է պահպանի իր դերը Մինսկի խմբի համանախագահությունում: Ակնհայտ է՝ նման հայտարարություն Ադրբեջանն ի պաշտպանություն Թուրքիայի է անում:
Այն, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, վկայում է նաև օրեր առաջ տեղի ունեցած Պուտին - Մակրոն հեռախոսազրույցը: Ելիսեյան պալատը հայտնեց՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են վերսկսել Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը՝ խոստանալով առաջիկա օրերին այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ ներկայացնել: