Ինչպիսի՞ն կլիներ աշխարհի այցեքարտն առանց թանգարանների... առանց ամենամեծ ու շքեղ Լուվրի, ֆրանսիական Օրսեի, Ռուսաստան այցելելու գլխավոր պատճառներից՝ Էրմիտաժի, մադրիդյան Պրադոյի, Լոնդոնի՝ Բրիտանական, Ամստերդամի՝ Վան Գոգյան, Նյու Յորքում էլ՝ Ժամանակակից արվեստի՝ MoMA և Գուգենհայմ անունների... Ժամանակակից աշխարհի աչքի առաջ Ադրբեջանն իր երկրի այցեքարտը դարձրել է ատելությունը, անվանել թանգարան, հասցրել նույնիսկ հպարտանալ:
«Բաքվում պետական թանգարան՝ նվիրված հայերի դեմ ատելությանը». ադրբեջանական ատելության հասցեն այսպես ներկայացրեց նաև ֆրանսիական մամուլը: Եվ քանի դեռ ատելություն քարոզող երկիրը դժգոհում է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից, Ֆրանսիայի Սենատի նախագահը ապրիլի 24-ին Երևանում հայտնեց՝ իրենց սրտերը հայերեն են բաբախում, իսկ պատվիրակությունը մեկ շաբաթ էլ մնաց մեր երկրում թուրք-ադրբեջանական ատելության հետևանքների մասին վերադարձին բարձրաձայնելու համար:
Գզավիե Բրըտոն (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր) - Երկու հակադիր պատկեր կա. մի կողմից ագրեսոր երկիրն է, որ ատելության թանգարան է բացում, իսկ այստեղ Հայաստանում բաց երկնքի տակ մի ամբողջ սերունդ է թանգարան դարձել: Բայց ինձ զարմացրեց նաև հայերի առաջ գնալու ուժը: Ուստի կարևոր է, որ եթե բանակցությունը խաղաղ կարգավորման համար շարունակվելու է, դրա համար առաջին նախապայման պետք է լինի հայ գերիների անհապաղ վերադարձը:
Ադրբեջանից հայ գերիներին պահանջելու անհապաղ կոչով խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ներկայացրած բանաձևում շեշտվում է՝ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության 8-րդ կետը, խախտվում է նաև պատերազմից տուժածների պաշտպանության Ժնևյան 4 կոնվենցիան:
Ֆրանսուա Պուպոնի (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ) - Կարծում եմ, որ միջազգային իրավունքներով Ադրբեջանի վրա կարելի է ճնշում գործադրել, բոլոր լծակները կան գործի անցնելու համար: Այդ երկիրը չի կարող անել ինչ մտքին փչի: Ադրբեջանը պետք է հասկանա, որ կան միջազգային օրենքներ, որ գոյություն ունեն տնտեսական, իրավական պատժամիջոցներ: Հենց այդ հույսով եմ բանաձևը ներկայացրել խորհրդարանին, որ Ադրբեջանն ի վերջո պատասխան տա ռազմական հանցագործությունների համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովի սեղանին դրված բանաձևում պատգամավորները պահանջում են կառավարությունից՝ հայ գերիներին չվերադարձնելու դեպքում անհապաղ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Գի Տեսիե (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ) - Ինքս եմ գրել այդ բանաձևը: Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքի ուժով է պետք ստիպել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Մեր Կառավարությունն իհարկե քաջատեղյակ է իրավիճակից, բայց մենք՝ պատգամավորներս, պարտավոր ենք օր առաջ խնդրի արագ լուծման օրինական ճանապարհով գնալ: Կառավարությունն էլ պետք է դիմի ՄԱԿ-ին, միջազգային այլ կառույցների, որ այս անընդունելի, անմարդկային արարքին վերջ դրվի: Կան պատերազմի օրենքներ, Հայաստանն այդ օրենքներին հավատարիմ մնաց, հետ ուղարկեց իր մոտ պահվող գերիներին, այնինչ Ադրբեջանը հրաժարվում է մոտ 200 գերու վերադարձնել իրենց ընտանիքներին:
Դեռ 20 տարի առաջ Մարսելի քաղաքապետ Գի Տեսիեն առաջիններից էր, որ ստորագրեց Հայոց Ցեղասպանության ճանաչումը, այսօր պատգամավորն ասում է՝ ցեղասպանությունն իրականացնող երկրի շարունակվող քաղաքականության ապացույցը տեսել է վիրավոր զինվորների հետ հանդիպումներին, աշխարհի մարդասպան լռության հետևանքները՝ զգացել Եռաբլուրում:
Գի Տեսիե - Ընդարմացնող, սահմռկեցնող խոր ցավ էր՝ տեսնել տղաներին, որ հայրեր ու եղբայրներ էին, ամուսիններ, որոնք այժմ դրոշների ծովի տակ են: Փշաքաղվեցի այդ ընտանիքների ցավը զգալով: Շատ փոքր տարիքից Ֆրանսիայի հայկական թաղամասում եմ ապրել: Ծնվել եմ հայերի շրջապատում, իմ ընկերները եղել են մեծ մասամբ հայերը, մենք միասին ենք գնացել եկեղեցի, դասի, այդպես հայերը դարձել են ասես իմ ընտանիքի, Ֆրանսիայի ընտանիքի անդամները: Չես կարող ընտանիքիդ անդամի նկատմամբ անտարբեր լինել:
Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի սենատորներից միակն է, որ Ազգային ժողովի պատգամավորների հետ մնացել է Երևանում: Նաև Բուայեի ջանքերի շնորհիվ էր, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը:
Վալերի Բուայե (Ֆրանսիայի Սենատի անդամ) - Անհնար է լուծումներ գտնել չեզոքության դիրքից: Ադրբեջանն այս պատերազմում Թուրքիայի դրածոն էր: Անհնար է հերքել, որ նրանք անցան պատերազմների բոլոր օրենքները, դրոններ կիրառեցին երեխաների դեմ: Անհավասար պատերազմ էր, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ը չընդվզեցին: Այս ամենի կողքին նաև ամոթի այգի են բացում ու հպարտանում: Հայոց Ցեղասպանությունն ավարտին հասցնելու մտքից այդ մարդիկ երբեք չեն հրաժարվել: Նրանք ոչ միայն չեն ընդունում, այլև շարունակում են այդ ցեղասպան քաղաքականությունը: Հայտնի խոսք կա՝ չճանաչել ցեղասպանությունը՝ նշանակում է սպանել երկու անգամ:
Երկու անգամ չսպանելու կոչով բանաձևը կքննարկվի առաջիկայում: Խորհրդատվական, կառավարությանը չպարտադրող, բայց հուշող բանաձև է: