Աշխատանքային անբաժան ընկերներն ավելի քան 40 տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում են աշխատում: Ինչպես իրենք են ասում՝ մեկը տղամարդկանց կոստյումների բաժնի վարիչն է, մյուսը՝ կանանց: Առանց այս միջավարի իրենց կյանքը չեն պատկերացնում:
Նինա Մկրտչյան (հանդերձապահ) - Ես որ գնում եմ տուն, իմ ուշք ու միտքը այստեղ է: Թատրոնը գրավիչ աշխարհ է, որ մտնում ես, էլ դուրս գալը դժվար է լինում:
Գիտի, թե որ ներկայացման հագուստը որտեղ է կախված. խնամքով առանձնացնում է «Գայանե» բալետի համար պատրաստված հագուստը:
Տիկին Նինան այստեղ է 18 տարեկանից. ով ինչ պետք է կրի բեմում, չի մոռանում, բայց ներկայացումներից առաջ միշտ նշումներ է անում, հետո ընտրում ու պատրաստում հանդերձանքը:
Նինա Մկրտչյան - Ըստ ներկայացման, օրինակ, այստեղ է. ովքեր են մասնակցում, և ինչ դեր է: Ամբողջը գրվում է, որ անցած անգամ այդ դերասանը չունի այդ հագուստը, որ մեկի հագուստը հագավ:
Թատրոնում բոլորը գիտեն՝ ծաղիկ ստանալու դեպքում ժապավենները տիկին Օվսաննային են տալու, որ մի գեղեցիկ զարդ պատրաստի ու նվիրի մարդկանց: Հագուստին էլ գրեթե միշտ ամրացրած է իր ձեռքով պատրաստած գունեղ զարդ:
Հիմա իր հեքիաթային աշխարհում ենք: Նախ ցույց է տալիս վերջին ներկայացման զգեստը:
Օվսաննա Համբարձումյան - Հագնողը հրեշտակ է կոչվում, չէ՞. կյանքը շատ հետաքրքիր բան է. հագնելով սա՝ արդեն ինքն իրեն հրեշտակ է կարծում:
Տիկին Օվսաննայի համար հրեշտակ են այս բոլոր զգեստները կրող արտիստները: Ասում է՝ ցանկացած աշխատանք երբ սիրով ես անում, տարիներն ակնթարթ են թվում: Իր օրինակով ուզում է ցույց տալ, որ հանդերձապահի աշխատանքում ևս կյանք կա:
Օվսաննա Համբարձումյան - Օրը շատ արագ է անցնում, շատ հաճելի է անցնում, մեկ մեկ էլ հոգնում ենք. էդքան բան: Օպերա մտնողը... արդեն դա ոնց որ քո սեփականությունը լինի: Նախ՝ որ ոտքդ դռնից ներս ես մտնում, սա տաճար է: Երկրորդ հերթին՝ օպերային թատրոն:
Շատ մեծանուն արտիստների հետ է շփվել, պատմությունները վառ են ու լուսավոր: Մեր Տաթևիկ Սազանդարյանը, հարգանքը, Լենա Միքայելյանը, Ուզունյանը... Այնպիսի մարդիկ ենք ունեցել, որ հրաշքներ են եղել:
Հիշում է նաև՝ ինչպես է Գոհար Գասպարյանն իրեն համեղ պատրաստել սովորեցրել: Ոչ միայն խոհանոցային գաղտնիքները, այլև՝ հանրահայտ երգչուհու հագուստն է խնամքով պահում:
Տիկին Օվսաննան ուզում է վարակել երիտասարդներին իր աշխատասիրությամբ: Տասնամյակներ շարունակ՝ ամեն օր մեծից՝ փոքր, բոլորին ողջունում է, հետո շնորհակալություն ու բարի ճանապարհ մաղթում: