Երջանիկ անունով այս տղան երջանկացավ, երբ Սոնային գտավ: Բուժքույր Սոնան նրան սեր ներարկեց՝ առանց ներարկիչի: Իսկ հիմա ամեն ինչ սկզբից. ֆիլմի պատրաստի սցենար է: Ժամկետային զինծառայողը պատերազմի ժամանակ վիրավորվում է, 10 օր կոմայի մեջ մնում, կարելի է ասել՝ վերածնվում ու գնում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՞՝ բուժումը շարունակելու: Հենց այնտեղ էլ հանդիպում է իր կյանքի սիրուն՝ բուժքույր Սոնային:
Երջանիկ Ստեփանյան - Երբեք այսպես սիրահարված չեմ եղել, ինչպես հիմա:
Բեկորային բազմաթիվ վնասվածքներով ու թուլացած վերջույթներով տղային գրավում է Սոնայի հոգատարությունն ու ջերմ վերաբերմունքը: Ավելի կոնկրետ՝ ամեն ինչ սկսվում է մի կոշիկի պատմությունից:
Սոնա Սարիբեկյան - Պալատում տեսա, կոշիկ էր ուզում հագնել, չէր կարողանում: Ասացի օգնեմ, ասեց չէ, պետք չի: Գնացի, կանգնեցի կողքը, ասեցի՝ պետք է օգնեմ:
Սոնան միակ բուժքույրն է եղել, որին Երջանիկը թույլ չի տվել ներարկում անել:
Երջանիկ Ստեփանյան - Իրենից ամաչում էի:
Ընդամենը 5 ամիս առաջ միմյանց հանդիպած այս երիտասարդներն անցած կիրակի հարազատների ներկայությամբ արդեն հաստատել են իրենց միության սկիզբը: Նշանադրությունից հարսանիք ճանապարհն էլ երկար չի տևի՝ վստահեցնում է սիրահար զույգը:
Երջանիկն արդեն 4 վիրահատություն է տարել, սպասում է հինգերորդին: Սոնան պատրաստ է տանը սիրելի տղամարդու համար և՛ բուժքույր լինել, և՛ կին: Միայն թե դեռ Երջանիկի համար աշխատանք պետք է գտնեն, գումար վաստակեն, որ իրենց տունն ունենան: