Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Ջերսիում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Զ. Խանջյանը կարևորել է հետպատերազմյան շրջանում նմանօրինակ այցը ԱՄՆ և համայնքային անկեղծ հանդիպումները:
Այնուհետ հանձնակատարը լայն ընդգրկմամբ ներկայացրել է հայաստանյան և արցախյան ներկայիս իրավիճակը, գրասենյակի ծրագրերը և աշխատանքը:
Հատկապես մեծ հետաքրքրության է արժանացել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը:
Ներկաները բարձր են գնահատել գրասենյակի ծրագրերը, որոնց մեծ մասն իրականացվում է ՀՀ պատմության մեջ առաջին անգամ:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքներում տիրող իրավիճակին, մասնավորապես լիբանանահայության խնդիրներին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս համատեքստում: