Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել կինոռեժիսրո Մհեր Մկրտչյանին։ Հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Արցախի հարցի կարգավորման շուրջ իր պատկերացումներն ու հնարավոր լուծումները:
Սերժ Սարգսյան, ՀՀ երրորդ նախագահ - Մենք ցանկանում էինք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով՝ առանց պատերազմի: Երկրորդ, մենք ցանկանում էինք, որ այդ լուծումը լիներ այնպիսին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ազատ կամարտահայտությամբ լուծեին Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Փոխարենը՝ մենք պատրաստ էինք, այո՛, նաև զիջումների:
Այնուհետև Սերժ Սարգսյանը ներկայացրել է այն տարբերակը, որն իր պատկերացմամբ պետք է լուծեր Լեռնային Ղարաբաղի հարցը:
Սերժ Սարգսյան - Որպեսզի դուք՝ նկատի ունեմ դու և ժողովուրդը, կարողանաք ճիշտ պատկերացում կազմել, պետք չէ հետևել սրանց ասածներին, բացարձակապես, ինչ-որ թղթեր են թափահարում, ինչ-որ հեքիաթներ են պատմում, որ մենք հասցրել ենք այս վիճակին, այն վիճակին... Երկու անգամ Ալիևն իր բերանով այդ մասին հայտարարել է: Մի անգամ 2016 թվականին՝ իր կառավարության նիստում, որ իրեն ստիպում են փակ դռների հետևում ճանաչել Լեռնային Ղարաբաղի այդ իրավունքը, ինքն ասում էր՝ անկախությունը, և երկրորդ, պատերազմից հետո, երբ եկել էր Քաշաթաղի շրջան, այնտեղից հայտարարեց, ասաց, որ և՛ սա, և՛ Քելբաջարի շրջանները պետք է մնային հայերին: Այսինքն՝ դա այդ միջանկյալ կարգավիճակի ժամանակ: Ադրբեջանցիները պետք է ստանային 5 շրջան, իսկ Լաչինը, Քելբաջարը պետք է մնային մինչև հանրաքվե անցակացնելու օրը:
Սերժ Սարգսյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ զիջումների դիմաց խաղաղ ճանապարհով լուծման մասին, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ծագեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ 2016-ին Ադրբեջանի կողմից հրահրված քառօրյա պատերազմին ԱԺ ամբիոնից 2021 թվականի ապրիլի 14-ին իր ելույթում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - 2016 թվականի Ապրիլյան պատերազմն սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից: Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ 2016 թվականի ապրիլից 2 ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից: Հայկական կողմը հրաժարվել է, և դրանից 2 ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով, ըստ էության, դառնում է, պիտի դառնար իմ նշած օրակարգի, այսինքն՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարումի պարտադրում:
Խաղաղ ճանապարհով՝ զիջումների դիմաց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին խոսող Սերժ Սարգսյանն արդեն Ապրիլյան պատերազմից հետո՝ 2018-ի ապրիլին ունեցած ելույթի ժամանակ հայտարարում էր, որ մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի թողնելու իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը։
Սերժ Սարգսյան - Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են լինում ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար էլ: Այս առումով, մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս, գոնե շատ տևական ժամանակ, երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը:
Ընդ որում, դեռևս 2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը Россия сегодня լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը, կամ ինչպես ինքն է ասում, հայկական կողմերը պատրաստ էին Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, սակայն Ադրբեջանն ամեն անգամ նորանոր պահանջներ էր ներկայացնում։
Սերժ Սարգսյան - Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայում զբաղեցված են որպես անվտանգության գոտի` այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են, անվանում են բռնազավթված` ադրբեջանական 7 շրջանները, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված, թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր, ովքեր են մասնակցում:
Հարց - Այսինքն՝ հանրաքվե…
Սերժ Սարգսյան - Այո: Հանրաքվե: Հանրաքվե, և դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կենսագործումն է: Բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի 2017 թվականի այս հարցազրույցի ու մինչև 2018 թվականը բանակցային գործընթացի մասին ԱԺ ամբիոնից 2021 թվականի ապրիլի 14-ին խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Մենք հասել ենք մի տեղ, երբ հայկական կողմն ասում է՝ Ադրբեջան, յոթ շրջանները քեզ եմ վերադարձնում, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս: Հասկանո՞ւմ եք՝ բանակցային գործընթացը հասել է մի կետ, երբ հայկական կողմը, ընդ որում, ես ասում եմ, շատ կարևոր է, որ սա իմ մեկնաբանությունը չէ, հայկական կողմն ասում է՝ Ադրբեջան, վերադարձնում եմ, հանձնում եմ քեզ յոթ տարածքները, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պետք է տաս:
Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում խոսել է նաև այն մասին, որ Արցախի հարցում չէր սպասում ու չէր կանխատեսում նման աղետ։
Սերժ Սարգսյան - Բայց որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, ես չէի կարող կանխատեսել: Ես հասկանում էի, որ, այո՛, կարող են լինել խնդիրներ, հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ՝ հավանականությունը մեծ էր: Ես այդպես էի կարծում:
Բայց դեռևս 2018 թվականին ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր կանգնած բանակցային գործընթացի մասին, անգամ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացում, ինչպես ինքն էր հայտարարել 2017 թվականին տված հարցազրույցում, հայկական կողմը համաձայնել էր Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները։
Սերժ Սարգսյան - Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար:
Հետևաբար, ո՞րն էր աղետը կամ պատերազմը կանխելու ձևը, մեզ համար անիրատեսական ու անընդունելի պայմաններն ընդունե՞լը։
Փաստացի, դեռևս 2018 թվականի ապրիլին ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր Արցախի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների ավարտն ու պատերազմի սկիզբը, քանի որ ինչպես ինքն էր ասում, անգամ 7 շրջանները՝ այդ թվում նաև Քարվաճառն ու Բերձորը, Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության դեպքում Ադրբեջանը նորանոր պայաններ էր առաջադրում, իսկ դրանք անիրատեսական էին, անընդունելի մեզ համար։