Շարունակվում են տարաբնույթ խոսակցությունները ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Calciomercato-ի հաղորդմամբ՝ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը կարող է հեռանալ Հռոմից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որը վերանայում է պայմանագրի երկարաձգումը 25 խաղի մասնակցելուց հետո, իսկ Մխիթարյանն այդ թվին արդեն հասել է այս մրցաշրջանում։ Բայց հաղորդվում է, որ հիմա, երբ գայլերը անկայուն խաղ են ցուցադրում, Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռ չեն ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկն ու կարող են այլ տարբերակ գտնել:
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչներն սկսել են բանակցել հայ կիսապաշտպանի հետ: Torino Sport-ի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» պատրաստ է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել Մխիթարյանին, սակայն Մխիթարյանն առայժմ պաշտոնապես չի պատասխանել թուրինյան ակումբի առաջարկին:
32-ամյա Մխիթարյանն այս մրցաշրջանում 39 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 11-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի օգնությամբ Անդրեա Պիրլոյի թիմը կարող է նվազեցնել Կրիշտիանու Ռոնալդուի ծանրաբեռնվածությունը հարձակման գծում: