Մայիսի 1-2-ը Ղրղզստանում սգո օր է հայտարարվել Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Երկրի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ղրղզստանի նախագահ Սադիր Ժախարովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 2021-ի մայիսի 1-2-ը սուգ է հայտարարվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների միջև հակամարտությունը սկսվել էր ապրիլի 29-ին, որը վերածվել էր ռազմական դիմակայության: Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանապահների միջև բախումը տևել է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է մոտ 40 մարդ, ավելի քան 200-ը տուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը համաձայնության են եկել դադարեցնել կրակն ու սահմանից հետ քաշել զորքերը: