Զոդում են մուտքից մինչև վերևի հարկ: Օրվա պլանը Վիլնյուսի 57 շենքի աղբատարը փակելն է:
Այն, որ աղբն այլևս շենքի մեջ չի կուտակվելու, ամենաշատը առաջին հարկի բնակիչներին է ուրախացրել: Վերջապես ազատվում են գարշահոտությունից, ճանճերից. կկարողանան պատուհան բացել:
Վերևում ապրողները բարձրահարկի աղբամուղը փակելուն սովորաբար դեմ են լինում՝ եթե կարող են դռան մոտից, օրինակ, կաթսայով ճաշը շրջել միջանցքի խողովակի մեջ, ինչու՞ տոպրակը ձեռքին տնից հասնեն մոտակա աղբարկղերին... հիմնավորմամբ: 8-րդ հարկից է, բայց դժգոհ չէ՝ պնդեց այս կինը:
Մուտքի մեծամասնության կարծիքն են հաշվի առնում: Եթե բոլորին լսեն, ամեն տեղ մեկ-երկու դեմ հաստատ կա՝ չի թաքցնում համատիրության նախագահը: Տեսախցիկի առաջ՝ ոչ մի խոստովանություն:
Տարիներ առաջ քաղաքապետարանը փորձեր աղբատար փակել, մարդիկ անմիջապես կռիվ էին սարքում: Հիմա կողքի շենքի համար նախանձի առիթ են դառնում: Պատճառը պարզ է. որտեղ դրսում դրված աղբարկղ է՝ Երևանի սանմաքրման մեքենաներն օրվա մեջ դատարկում են: Հորան մաքրել նրանք տեխնիկապես չեն կարող. այդ գործը մնացել է կապալառու կազմակերպությունների վրա:
Նոր Նորքում աղբամուղների 40 տոկոսն արդեն փակված է: Պետք է հասցնեն մինչև ձմերուկի սեզոնի սկիզբն այդ գործն առաջ գցեն՝ ասում է բարձրահարկերով առատ վարչական շրջանի ղեկավարը:
Հովհաննես Մանուկյան (Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար) - Այս տարի արդեն 45 աղբամուղ փակել ենք ոչ միայն 7-8-9, այլև 6-րդ մասիվում:
Եթե աղբամուղները չփակվեն, սանմաքրման վրա ծախսվող գումարներին զուգահեռ Երևանը շարունակելու է փնթի մնալ: Նույնիսկ Կենտրոնում բազմաբնակարններ կան, որտեղ դեռ թաց ու չոր աղբ է կուտակվում, խառնվում-նեխում՝ դառնում առնետների կերակուր՝ արձանագրում են քաղաքապետարանում: Այդ հորանները դատարկել առանց ցելոֆանների թռչելու, կեղտաջրերը փողոց հոսելու հնարավոր չէ՝ բացատրում է կոմունալի պետը:
Արսեն Կարոյան (Երևանի կոմունալ տնտեսության վարչության պետ) - Ստիպված, նայեք իրենք բահերով են աղբը տեղափոխում, այլ տարբերակ չկա, իսկ այդ պրոցեսի դեպքում ոչ այնքան ցիվիլ է:
Շենքում աղբատարը վաղուց ոչ թե կոմֆորտի, այլ քաղաքաշինական հետամնացության նշան է: Աղբատարով նորակառույց Երևանում չկա, շինթույլտվություններում այդ հարցը կտրուկ է դրված: Շահագործվող աղբամուղներից այս պահին փակված է դեռ 750-ը: Կարոյանը վստահեցնում է՝ գործընթացն ակտիվացրել են:
Արսեն Կարոյան - Մոտ 2880 աղբախուց այս պահին դեռ փակված չէ, պրոցեսը շարունակական է: Հուսամ, որ մինչև տարվա վերջ այդ թիվը կտրուկ կնվազի:
Հորանները փակելուց հետո դռան մոտ աղբ մի՛ թողեք. կրծողներին այդպես ձեր հարկ եք կանչում՝ բնակիչներին զգուշացնում է այս ընթացքում առնետների վարքն ուսումնասիրած համատիրության նախագահը:
Վիկտոր Լոբյան («Վիլնյուսի 36» համատիրության նախագահ) - Առաջին մի շաբաթը փակվելուց հետո առնետները սնունդ ման գալով տարածքում երևում են. կա՛մ բարձրանում են վերև՝ դեղ են կերել, ջուր են ման գալիս, կամ սոված են՝ սնունդ են փնտրում:
Ուտելիք չգտնեն՝ կսատկեն: Առնետներից ազատվելու համար մի խորհուրդ էլ ունի. տարածքի վերջին փակվող աղբատարը թող ձեր շենքինը չլինի: