Հայաստանն իր համաձայնությունը չէր տվել, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մասնակցեր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի երեկվա նիստին, այդ պատճառով պաշտոնական Բաքվից Կազանում պատվիրակություն չկար։ Այդ մասին խորհրդի լիագումար նիստից հետո տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
ԵԱՏՄ նիստից դեռ երկու շաբաթ առաջ ռուսական ՌԲԿ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում և Հայաստանում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր՝ պաշտոնական Երևանն առաջ է քաշել պատերազմից հետո մի շարք չլուծված հարցեր՝ այդ թվում՝ ռազմագերիների խնդիրը։ Ինչ է ասվել ու քննարկվել փակ դռների հետևում՝ Գրիգորյանը մանրամասներ չբացահայտեց։
Թաթարական մայրաքաղաքում Փաշինյան-Միշուստին հանդիպման օրակարգում էլ ռազմական գործողություններից հետո ճանապարհների ապաշրջափակման հարցն էր։ Դաշնության վարչապետի կարծիքով՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարությունները մեծ հնարավորություն են ընձեռում համատեղ աշխատանքի համար։ Այս հարցում կառուցողական տրամադրված պաշտոնական Երևանը, սակայն, հերթական անգամ հիշեցրեց, որ Բաքուն չի կատարում առաջին հայտարարության 8-րդ կետը՝ բոլոր ռազմագերիների վերադարձի պահանջը։ Կոմունիկացիաների վերագործարկման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի՝ հայկական կողմի ղեկավարից «Լուրեր»-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ գերիներին վերադարձնելու հարցի ձգձգումն ազդի հետագա որոշումների վրա։
Եռակողմ խմբի աշխատանքների ավարտի վերջնաժամկետ Գրիգորյանն առայժմ դժվարանում է նշել։ Բացատրում է՝ փորձագիտական երկու ենթախումբն այժմ ծավալուն աշխատանք է իրականացնում։ Հարցը տեխնիկական ու իրավական փորձաքննության, վերլուծության կարիք ունի՝ տարիներով ժանգոտած ենթակառուցվածքները վերականգնելուց մինչև անվտանգության երաշխիքների ստացում։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՌԴ-ՈՒՄ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Գրիգորյանն անդրադարձավ նաև Դաշնությունում աշխատանքային միգրատների նկատմամբ քաղաքականության խստացման լուրերին, վստահեցրեց՝ նման խնդիր այժմ չկա։
Մայիսի առաջին տասնօրյակը դաշնության համար տոնական ու հանգստյան է լինելու։ Մհեր Գրիգորյանն ասում է՝ իր տվյալով այս օրերին դեպի Երևան թռիչքի բոլոր տոմսերն արդեն սպառված են։
Ռուսաստանից դեպի Թուրքիա ավիահաղորդակցության դադարեցման ֆոնին, փոխվարչապետի պաշտոնակատարը վստահ է, ռուս զբոսաշրջիկների համար այլընտրանքային ուղի է դառնում նաև Հայաստանը։