Լիտվայում վերստին հայ պոետիկ և փիլիսոփայական մտքի հսկայի՝ Նարեկացու պոեզիայի հայտնությունների շրջան է: «Մատյան ողբերգության» լիտվերեն երկրորդ, լրամշակված հրատարակությունը բացառիկ մի նախագիծ է, որն իրականացրել է Հայաստանի դեսպանությունը՝ այդ երկրում նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ: Նախագիծը նվիրված է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։
Լիտվայի ամենաճանաչված պոետ Սիգիտաս Գեդայի թարգմանության հեղինակային իրավունքը դիվանագետը ձեռք է բերել նրա ընտանիքից: Հավելվածում ներառվել են նաև Էդուարդաս Մեժելայտիսի և նշանավոր հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի թարգմանական հատվածները.առաջաբանի հեղինակն է Նյու Յորքի «Սուրբ Ներսես» հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր Աբրահամ Տերյանը: Գրքի վերջաբանի հեղինակ Արուսյակ Թամրազյանը հատկապես բարձր է գնահատում անթարգմանելի Նարեկացուն թարգմանելու՝ օտարների պատասխանատվությունն ու խիզախությունը:
Գիրքն անսահմանափակ տարածման հնարավորություն ունի. բացի 12 ժամ տևողությամբ աուդիոգրքից, յուրաքանչյուր գլխի վերջում տեղադրված է հատուկ արագ արձագանքման՝ QR կոդ: Աուդիոտարբերակի ստեղծման համակարգող, կինոռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչյուսն արդեն 3 տարի է, ինչ Նարեկացուն նվիրված սցենարի վրա է աշխատում;
Գիեդրիուս Զուբավիչյուս, կինոռեժիսոր - Երբ 16 տարի առաջ առաջին անգամ կարդացի Նարեկացու «Մատյանը», անմիջապես սիրեցի մեծ Նարեկացու պոետիկ արվեստն ու հզոր կերպարը: Եվ արդեն երկար տարիներ իմ հոգում կրում եմ այն արժեքները, որ Նարեկացին փոխանցում է յուրաքանչյուր մարդու և ժողովրդի:
Արդեն մայիսի երկրորդ կեսից լիտվացի ընթերցողը կվայելի Նարեկացու տիեզերական ուղերձները, որ դարեր շարունակ ուղեկցում են մարդուն՝ կատարյալի հարատև փնտրտուքի մեջ: