ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե որ փուլում է գտնվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը:
Գրիգորյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի աշխատանքները բխում են և ընթանում են հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության շրջանակում, և այդ շրջանակում կա ստեղծված 2 փորձագիտական ենթախումբ:
«Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որ հայտարարության իրականացման պարագայում հարաբերությունները պետք է կարգավորվեն ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց Հայաստանը միացած է, և որոնք այսօր գործում են»,- ասաց Գրիգորյանը:
Փորձագիտական աշխատանքը, ըստ նրա, պետք է ցույց տա, թե արդյոք բոլո՞ր դրույթներն են, որ կիրառելի են և կարող են կիրառվել այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կձևավորվեն ապաշրջափակման պարագայում:
Ինչ վերաբերում է երեք երկրների փոխվարչապետների աշխատանքներին, նկատեց՝ այս պահին գործողություններն իրականացվում են հունվարի 11-ի շրջանակներում:
«Երբ լինի որոշումների կայացման հնարավորություն, ելնելով փորձագիտական եզրակացությունից, այդ ժամանակ ընդհանուր կոնտեքստում որոշումները կկայացվեն կամ չեն կայացվի: Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները: Իրականության մեջ ամենահավանական տարբերակը ենթակառուցվածքների վերականգնումն է: Ժամանակին եղել են ենթակառուցվածքներ, ինչը նշանակում է, որ տեխնիկական հավանականությունը նման ենթակառուցվածք ունենալու այս կամ այն վայրում, ըստ էության կա, բայց ինչ վիճակում են դրանք հիմա, և ինչ ժամկետներում և ինչ ռեսուրսների մոբիլիզացմամբ է հնարավոր դրանք իրականացնել՝ պետք է հաշվարկվի և տեխնիկական զննություն իրականացվի»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:
Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որը բալանսավորված շահեր կենթադրի, իսկ դրանք միշտ նաև երաշխավորում են անվտանգությունը: