«Հաշվետվությունների շաբաթ»: Ամերիկյան տեխնոլոգիական գիգանտները ներկայացրել են քառամսյա ֆինանսական ցուցանիշները: Apple-ը, Google-ը, Amazon-ը, Microsoft-ը գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները՝ արձանագրելով ռեկորդային ցուցանիշ չորս ամսվա կտրվածքով:
Apple-ի բոլոր արտադրանքները ապահովել են երկնիշ աճ, իսկ ընկերության ընդհանուր եկամուտն ավելացել է 53.7 տոկոսով: Apple-ը նշված ժամանակահատվածում 65 տոկոսով ավելի սմարթ-ֆոն է վաճառել, քան նախկինում: Կառույցում մեկ անգամ չէ, որ հայտարարել են պանդեմիայի դրական ազդեցության մասին վաճառքի ծավալների վրա: Պատահական չէ, որ ընկերության բաժնետոմսերը 2020 թվականին թանկացել են գրեթե 90 տոկոսով: 2021 մեկնարկին այդ միտումը շարունակվում է: Սակայն՝ չնայած լավ հաշվետվությանը՝ այս շաբաթ բաժնետոմսերը արժեզրկվել են 2,5 տոկոսով:
48 տոկոսով ավելացել է նաև Facebook-ի եկամուտը: Ամսական ակտիվ օգտատերը ավելացել են 10 տոկոսով: Եկամտի գլխավոր աղբյուրը՝ գովազդն է: Նման ցուցանիշները ոգևորել են ներդրողներին՝ Facebook-ի բաժնետոմսերը մեկ օրում թանկացել են 6,5 տոկոսով:
Տպավորիչ եկամուտ են ունեցել նաև ամերիկյան այլ ընկերություններ: Սակայն՝ թե Microsoft-ի, թե Amazon-ի ակցիաները աննկատ արժեզրկվել են: Այդ ամենն ակտիվացրել է խոսակցությունները, թե բորսայում տեխնոլոգիական սեկտորը անարդարացի թանկացել է և կարող է փլուզվել յուրաքանչյուր պահի:
Սակայն՝ հնարավոր զգալի փոփոխությունները պայմանավորված են լինելու համաշխարհային տնտեսության վերականգման տեմպերով: Մասնագետների համոզմամբ՝ եթե ամերիկյան տնտեսությունն ամբողջությամբ ազատվի կորոնավիրուսի կապանքներից, ներդրողները կարող են իրենց միջոցները տեխնոլոգիական սեկտորից տեղափոխել այլ ոլորտներ: Եվ, կարծես, այդ օրը հեռու չէ: Նահանգների համախառն ներքին արդյունքը 2021 թվականի չորս ամսում ավելացել է 6,4 տոկոսով՝ գերազանցելով 6.1 տոկոս կանխատեսումը:
Հակառակ պատկերն է նկատվում Եվրոպական Միությունում: Առաջատար համարվող Գերմանիայի ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում կրճատվել է 1,7 տոկոսով: Վերլուծաբանները կանխատեսում են ռեցեսիա Եվրամիությունում:
Հրապարակվել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Մարտին տնտեսության ծավալն ավելացել է 3,8 տոկոսով, սակայն 2021 թվականի երեք ամսվա կտրվածքով ՏԱՑ-ը նվազել է 2 տոկոսով: