Հայաստանի կոմունիստները, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին կարմիր դրոշներով կրկին փողոցում են: Կարոտով են հիշում, թե խորհրդային տարիներին ինչպես էին կուսակցական ընկերներով նշում Աշխատավորների համերաշխության միջազգային օրը:
Մանվել Գդոյան - Հայաստանը ծաղկած պարտեզ էր, մարդիկ մեջը ժպտալով ապրում էին: Շնորհավորում եմ Սովետական Միության ամբողջ ժողովրդին, բանվորներին, գյուղացիությանը, անձամբ Կենտկոմի քարտուղարներին՝ մայիսմեկյան շքերթի կապակցությամբ:
Հասմիկ Ամիրյան - Եկել ենք քաղաք Էջմիածնից բոլոր կոմունիստներով, որ էջմիածնի օրհնանքը տանք ամբողջ հայ ժողովրդին: Սրանից հետո հայ ժողովրդի ամեն օրը բարի է լինելու, ու բոլորը պիտի ունենան 10 երեխա:
Տոնական շքերթին մասնակցող կոմունիստները կարծում են, որ տոնը բոլորինն է, քանի որ այն նաև աշխատանքային իրավունքների մասին բարձրաձայնելու լավ առիթ է:
Ավագ Աշուղբաբյան - Աշխատավորների իրավունքները ոտնահարված են այնքանով, որ մարդն ամեն դեպքում իր առօրյա հոգսերը հոգալու համար պատրաստ է, ցավոք, ամեն ինչի:
Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարի խոսքով՝ քանի դեռ Հայաստանը սոցիալիստական համակարգի չի անցնում, Կոմկուսը կմնա ընդդիմություն: Իսկ ընտրություններին կմասնակցեն թե ոչ՝ առայժմ չեն քննարկել:
Երջանիկ Ղազարյան (ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար) - Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ մասնակցել է առանձին, բայց մենք ոչինչ էս պահի դրությամբ չենք բացառում:
«Սովետը լավն էր» համոզմունքով կոմունիստները քայլերթն ավարտեցին Շահումյանի հրապարակում: