ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն:
Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը:
Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք է խոչընդոտներ լինեն:
Մենք ունեցել ենք տաղանդավոր գիտնականների, հաջողակ ձեռներեցների, հայտնի քաղաքական գործիչների, շնորհալի նկարիչների, երաժիշտների ու գրողների, լավ արհեստավորների և հողագործների սերունդներ:
Լինենք ժառանգը մեր նախնիների տաղանդի, կարողությունների և հմտությունների, լինենք հայրենիք արարող հասարակություն, հայրենիքը շենացնող հասարակություն:
Մեր երկրի օրակարգը, առավել ևս՝ զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով՝ զինվորականի ու մանկավարժի աշխատանքով, բժշկի ու ծրագրավորողի աշխատանքով, գյուղացու և հնէաբանի աշխատանքով, հավաքարարի ու բանվորի աշխատանքով, դիվանագետի ու սահմանապահի աշխատանքով, պաշտոնյայի ու դերասանի, պետական ծառայողի ու արվեստագետի աշխատանքով:
Մեր առաջնահերթ խնդիրները պետք է լինեն երկրի մեջքը քաղաքականապես ու տնտեսապես, բարոյապես ու ֆիզիկապես ուղղելը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելը:
Միայն միասնական աշխատանքը կարող է դառնալ մեր հայրենիքի, այսօրվա վիճակից դուրս գալու, ստացած վերքերից վերականգնվելու փրկօղակը:
Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հավատա և աշխատի իր կարողությունների ու հնարավորությունների չափով՝ մոտեցնելու հաջողության ժամանակը: Հավատա և ստեղծի այդ ժամանակը, հավատա և կերտի այդ հաջողությունը»,- ասված է նախագահի ուղերձում: