Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը:
«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հե՞տ, Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:
«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մհեր Գրիգորյանին լրագրողները հարց էին ուղղել ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության մասին խոսակցությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան փոխվարչապետն ասել էր՝ հայկական կողմն ավելի ուշ կներկայացնի իր դիրքորոշումը: