Հյուրընկալող երկրի վարչապետը դիմավորեց իր գործընկերներին, ապա համատեղ լուսանկարից հետո նիստը հայտարարվեց բացված:
Այս նիստին Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում, ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը: Որպես դիտորդ երկրիր Կազանում են Կուբայի, Մոլդովայի և Ուզբեկստանի պատվիրակությունները, իսկ հրավիրյալի կարգավիճակում` Տաջիկստանն ու Թուրքմենստանը:
ԵԱՏՄ-ՈՒՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նախ անդրադարձավ հայկական կողմի տեսանկյունից` Միության համար ակտուալ հարցերին: Այսօր առկա գլոբալ մարտահրավերները, համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները, ըստ Փաշինյանին, ավելի են ընդգծում բարձր տեխնոլոգիաների պահանջարկը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Նոր պայմանները բացահայտեցին առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում գործակցության պահանջը: Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը:
Նիստի օրակարգում մինչև 2025 թվականը իրականացվելիք միջոցառումների հարցն էր: Փաշինյանը ընդգծեց դիտարկվող փաստաթուղթը` որպես հիմնական ուղղություն, նշելով ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական գործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքի շարունակումը:
Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում` հայտարարեց Փաշինյանը: Ըստ նրա` փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:
Նիկոլ Փաշինյան - Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշներից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց` Միության ներսում ակտիվ աշխատելու հայկական կողմի պատրաստակամությունը: Անդամ երկրների միջև` տնտեսական կապերի զարգացման համար, սակայն, դեռ ոչ բոլոր խոչընդոտներն են հաղթահարված` սա էլ նկատեց Դաշնության վարչապետը: Նրա խոսքով` մինչև 2025 թվականը մշակվելու են 10-ից ավելի միջազգային պայմանագրեր, իսկ մինչև 2021-ի ավարտ ԵԱՏՄ պետությունները կնքելու են նոր համաձայնագիր:
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Մինչև տարեվերջ նախատեսվում է կնքել Միության ներսում վարկային պատմությունների փոխանակման մասին համաձայնագիր: Այդպիսով` մեր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք հնարավորություն կստանան վարկեր վերցնել Միության բոլոր 5 երկրում էլ:
Օրակարգի կարևոր հարց է մնում կորոնավիրուսի դեմ պայքարը` իր խոսքում շեշտեց Ռուսաստանի Կառավարության ղեկավարը: Միշուստինը նկատեց` թագավարակի արդեն երրորդ ալիքն է սկսվել Եվրոպայում, ու այս ֆոնին կարևորեց արդեն երեք ամիս գործող «Ճամփորդի՛ր առանց քովիդ-19-ի» բջջային հավելվածը:
Միխայիլ Միշուստին - Ծրագիրն այժմ լիարժեք աշխատում ԵԱՏՄ անդամներից` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղրղզստանի համար, հույս ունենք՝ առաջիկայում դրան կմիանա Ղազախստանը: Կարևոր է զարգացնել ծրագիրը` ընդգրկելով նաև պատվաստման մասին տվյալները: Կարծում եմ, որ դրա լայն կիրառումը կօգնի արագ վերականգնել անվտանգ ուղևորափոխադրումները, որի կարիքն ունեն մեր քաղաքացիները:
Նիստի ավարտին փոխգործակցության հուշագիր ստորագրվեց Ուզբեկստանի հետ: ԵԱՏՄ անդամ պետության կառավարությունների ղեկավարները հաջորդ անգամ կհանդիպեն արդեն Ղրղզստանում` այս տարվա ամռանը: