Շաբաթներ առաջ քիք-բոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիան անցկացրեց տարվա առաջին խոշոր մրցաշարը։ Տեղի ունեցավ Հայաստանում այդ մարզաձևի ուժեղագույն ակումբների առաջնությունը։ Արդյունքները կարծես թե գոհացուցիչ էին ֆեդերացիայի ներկայացուցիչների համար, իսկ հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ օրեցօր մեծանում է։
Հետաքրքրությունը բավարարելու համար ֆեդերացիան նախաձեռնել է իր ենթակայության տակ գտնվող մարզադպրոցներից մեկի դահլիճային պայմանների բարելավում։ Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցի տարածքում գտնվող քիք-բոքսինգի մարզադահլիճային պայմաններն ընդլայնվել են, որտեղ հնարավոր կլինի ընդունել քիք-բոքսինգով զբաղվել ցանկացող մանկահասակ ու պատանի տարիքի երեխաների նոր խմբեր։
Մարզադպրոցի սաները ևս ուրախ են նորոգված մարզադահլիճի ու իրենց պայմանների բարելավման համար։ Այն դարձավ մարզաձևի 43-րդ դահլիճը։ Հաճույքով են մարզվում, քանի որ նախորդ տարի տևական ժամանակ առհասարակ զրկված էին եղել փակ տարածքներում, մարզադպրոցներում մարզվելու հնարավորությունից։
Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիան ևս քայլեր է կատարում դեպի համընդհանուր ճանաչում։ Միջազգային Օլիմպիական կոմիտեն ներառել է WAKO-ին որպես մարզաձևի միակ ներկայացուցիչը ՄՕԿ-ում, ով էլ իր հերթին այդ կառույցի շուրջ է միավորում տեղական ազգային ֆեդերացիաներին, ինչպես օրինակ քիք-բոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիային։
Նախատեսվում է WAKO-ի ու ՄՕԿ-ի համագործակցության խորացում, որը կենթադրի վերջնարդյունքում քիք-բոքսինգի ներառմանը օլիմպիական մարզաձևերի շարք։ Մինչ այդ սակայն Հայաստանը ներկայացնող մարզիկներին սպասվում են միջազգային խոշոր ստուգատեսեր, որոնցում ներկայացված կլինեն այն լավագույն քիք-բոքսերները, որոնք կհաղթեն Հայաստանի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների առաջնություններում։
Արդեն հիմա պարզ է, որ Հայաստանի ներկայացուցիչները կմրցեն օգոստոսին նախ Հունգարիայում Եվրոպայի, ապա և ԱՄՆ-ում նախատեսված Ամերիկայի միջազգային բաց առաջնությանը։ Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվան կընդունի մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը, իսկ տարին կեզրափակվի Իտալիայում նախատեսված աշխարհի առաջնությամբ։