Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պնդմամբ՝ Սյունիքի դեպքերով որևէ քաղաքական հետապնդում չի իրականացվում:
Սյունիքում վարչապետի այցի օրը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քրեական գործ կա հարուցված: Մոտ երկու տասնյակ անձի մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով: Այդ օրվա հետ կապված ցանկացած տեղեկություն, գլխավոր դատախազի պնդմամբ, անարձագանք չի մնացել:
Դավթյանը շեշտեց՝ եթե քաղաքական հետապնդման հարց լիներ, ապա ապրիլի 22-ին Դատախազության մոտ տեղի ունեցածի առնչությամբ ոչ թե մեկ անձի, այլև առնվազն 20 անձի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվեր:
Այդ ակցիան հաջորդել էր Սյունիքի միջադեպին: Դաշնակցության որոշ անդամներ այդ օրը կոչ էին արել քաղաքացիներին հավաքվել, ապա երթով շարժվել էին Դատախազություն՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մի քանի համայնքապետի: Տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության և հավաքի մասնակիցների միջև:
Սյունիքի միջադեպի օրը Կապանի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանապետին, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել էր մեղավորներին պատասխանատվության կանչել։ Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին՝ արդյոք այդպես գործադիրը չի՞ միջամտում իրավապահների աշխատանքին:
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾԻՑ ԿԱ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Դատախազության 2020-ի տարեկան հաղորդումը ներկայացնելու համար խորհրդարան եկած գլխավոր դատախազից լրագրողները հետաքրքրվեցին՝ բացահայտվա՞ծ է համարում «Մարտի 1»-ի գործը:
Սահմանադրական կարգի տապալման հոդվածը, որով մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթակաները, Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, ինչի հետևանքով գործ կարճվել է: Դատախազը դիմել է բարձր դատարան, այսօր ասաց՝ եթե իրենց դիմումը բավարարվի, մեղադրանքը վերաորակելու հնարավորություն կստանան:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՔՐԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺ ԿԱ
Գլխավոր դատախազը «Լուրերի» հարցին ի պատասխան մանրամասներ ներկայացրեց մոտ մեկ տարի առաջ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործից: Նա մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում կաշառք բաժանելու համար: Դավթյանը պնդեց՝ գործում տեղաշարժ կա:
Նորություն է սպասվում նաև ապօրինի գույքի բռնագանձման հարցով: Գլխավոր դատախազը մանրամասնեց՝ առաջիկայում դատարան հայցեր կներկայացվեն:
Հաղորդումը ներկայացնելիս Դավթյանը ընդգծեց՝ 2020-ին Հայաստանում նկատելի է եղել վիրավորանքի, ատելության խոսքի, ագրեսիայի ծավալների աճ, ինչը, ըստ դատախազի, ռիսկ է ստեղծում հանցավորության մակարդակի ավելացման համար:
Այդ ամենը կանխելու նպատակով Դատախազությունը օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է քրեականացնել հանրային ծառայողին վիրավորելը: