ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերին:
«Գործընթացը լիարժեք իրավական է: Սյունիքում կատարված դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ապացույցների հիման վրա որոշակի անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում:
Որ դեպքում մեզ տեղեկություններ են հասել խոշտանգումների փաստի վերաբերյալ, չի եղել նման մի դեպք, որ չենք արձագանքել: ՀՔԾ ենք ուղարկել բոլոր այդ տեսակ հաղորդումները, ունենք հարուցված քրեական գործ: Այսինքն՝ մենք զուտ իրավական դաշտում հետևում ենք բոլոր գործընթացներին. որևէ մեկը առերևույթ խուլիգանություն է կատարել՝ դրան արձագանք, որևէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել ոստիկանության կողմից՝ դրան համապատասխան իրավական գործընթաց: Այստեղ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի էլ կարելի»,- նշեց Դավթյանը: