Հայաստանը թևակոխում է նախընտրական փուլ: Քաղաքական ուժերից ով ինչպես և ում հետ կդիրքավորվի ընտրություններից առաջ: Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ անկախ ձևափոխումներից, միավորումներից, Նիկոլ փաշինյանը ունի մեծ շանս հաղթանակի համար: Քաղաքագետի կարծիքով՝ պետք չէ հավատալ նախապես իրականացված սոցիոլոգիական հարցումներին: Դրանք խաբուսիկ են, հաճախ՝ պատվիրված:
Ալեքսանդր Իսկանդարյան (Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ) - Նիկոլ Փաշինյանի շանսերը շատ մեծ են, դա հաստատ է: Ռոբերտ Քոչարյանի թեզը պարզ է՝ այս մարդիկ ոչինչ չեն կարողանում, բայց ես կարող եմ: Հանրապետականները ևս նույն թեզն են առաջ քաշում: Ես դա ասում եմ այսօրվա համար, բայց դեռ երկու ամիս կա ընտրություններին, և ամեն ինչ կարող է փոխվել:
Էդգար Վարդանյանը կիսում է Իսկանդարյանի տեսակետը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ամենամեծ շանսերը խորհրդարանում նորից մեծամասնություն կազմելու համար: Փորձագետների շրջանում կա կոնսենսուս՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են: Ըստ քաղաքագետի՝ ընտրությունները ձևական բնույթ չեն կրելու, սա ևս մեկ ապացույց է՝ ժողովուրդը ինքը կորոշի՝ ո՛ւմ է տեսնում խորհրդարանում: Վարդանյանը նաև չի բացառում, որ նոր խաղացողները ևս կկարողանան մտնել խորհրդարան:
Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Իհարկե, ես քիչ հավանական եմ համարում, որ որևէ նոր խաղացող կարող է առաջին տեղը գրավել և մեծամասնություն կազմել, բաց որ կարող են երկրորդ, երրորդ տեղը գրավել, ընտրարշավը կարող է դա ստեղծել:
Հարցումներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի և մյուս ուժերի միջև տարբերությունը շատ մեծ է: Էդգար Վարդանյանի պնդմամբ՝ ղեկավարող ուժի վարկանիշը, գուցե հետընթաց է գրանցել, բայց շարունակում է մնալ ամենամեծ վստահություն ունեցող քաղաքական ուժը: Բորիս Նավասարդյանի տեսանկյունից ևս ՔՊ-ը առաջատար դիրքում է, և ընտրողները հույս ունեն, որ թավիշը չի լինի հիմնական մարտավարությունը:
Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի տնօրեն, քաղաքագետ) - Եվ նրանք, ում ուզում էին պատժել 2018 թվականին, ի վերջո, այս ընտրություններում հաղթելու դեպքում պատժելու է Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները:
Փաշինյանին դեմ մյուս ուժերը, մասնավորապես, Հանրապետականներն ու «Հայրենիք» կուսակցությունը, ըստ Նավասարդյանի՝ իշխող ուժի բացթողումները դարձնելու են հաղթաթուղթ: Քաղաքագետը կարծում է, որ այս երկու կուսակցությունները կօգնեն այն քաղաքական ուժին, որը շանս ունի հաղթելու Նիկոլ Փաշինյանին:
Բորիս Նավասարդյան - Հանրապետականներին և «Հայրենիքին» կգումարեի ընտրություններին չմասնակցող Միքայել Մինասյանին իր բոլոր մեդիառեսուրսներով, իմ կանխատեսմամբ՝ բոլոր այդ ռեսուրսները աշխատելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին:
Քաղաքագետների կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանը» ներդնելու է բոլոր ռեսուրսները, հատկապես՝ ֆինանսական, աշխատողների վրա ազդելու լծակները, խորհրդարանում հայտնվելու համար: Գուցեև կոալիցիա կազմեն, իսկ «Լուսավոր Հայաստանը» կգնա սև-սպիտակի բաժանման դեմ և կփորձի նոր թեզեր առաջարկել ընտրազանգվածին: