Տաջիկա-ղրղզական սահմանին ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպը, բնականաբար, չվրիպեց վերլուծաբանների աչքից, սակայն խնդիրն այն է, որ վերլուծությունների առանցքում փորձ արվեց դնել միայն ու բացառապես գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները: Մասնավորապես, հիմնականում մատնացույց արվեց հանգամանքը, որ ԱՄՆ-ը վերջնականապես որոշել է դուրս բերել զորքերն Աֆղանստանից, ինչը հարևան Կենտրոնական Ասիայում կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը: Ընդ որում, խոսքը վերաբերում է Թուրքիայի ազդեցության հնարավոր ավելացմանը, և այդ առումով շեշտը դրվեց հանգամանքի վրա, որ թե՛ Տաջիկստանը, թե՛ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, ինչը նշանակում է, որ երկու պետությունների սահմանային գոտում տեղի ունեցած բախումն ուղղված է նախևառաջ Ռուսաստանի շահերի դեմ: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն պատճառը, որի հետևանքով երկու պետության սահմանապահները կրակ բացեցին, և, ըստ էության, հրդեհն արագ չմարելու դեպքում սահմանային միջադեպը կարող էր վերածվել լայնամասշտաբ պատերազմի:
Խնդիրն այն է, որ դեռ 2006 թվականին ՄԱԿ-ը հրապարակել էր զեկույց, համաձայն որի աշխարհի մի շարք երկրներ, մասնավորապես, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Լատվիան, Ուկրաինան, Սլովակիան, Իսրայելը, Մոլդովան և Ռումինիան խմելու ջրի պաշարների զգալի մասը «ներմուծում» են արտերկրից: Զեկույցում հույս է հայտնվում, թե դա, այնուամենայնիվ, չի բերի սահմանային վեճերի կամ, առավել ևս, պատերազմների, սակայն դրա հավանականությունը կա: Ի դեպ, հարկ է հիշել, որ մինչ Քառօրյա պատերազմն Ադրբեջանը հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնում էր Սարսանգի ջրամբարի խնդիրը, և գոնե պաշտոնական մակարդակում 2016-ի Ապրիլյան պատերազմը Բաքուն փորձում էր ներկայացնել որպես ջրամբարից օգտվելու համար իր «օրինական» իրավունքի իրացման փորձ:
Այս համապատկերում չափազանց կարևոր է նկատել, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին գրանցված զինված բախման պատճառը ոչ այլ ինչ էր, քան ջրի բաշխման կետը: Դուշանբեն ու Բիշքեկն այն համարում են իրենցը, ինչի հետևանով էլ վիճելի կետի շուրջ լարվածությունը, ի վերջո, հանգեցրել էր զինված ընդհարման, որի արդյունքում կիրառվել են այդ թվում նաև գրոհային ուղղաթիռներ, ղրղզական կողմը տվել է 13 զոհ, 130-ից ավելի վիրավոր: Տաջիկստանի կորուստները հայտնի չեն, քանի որ պաշտոնական Դուշանբեն հրաժարվել է թվեր հրապարակել:
Ըստ էության, կարելի է պնդել, որ սա Կենտրոնական Ասիայից ստացված առաջին ահազանգն էր՝ կապված ջրի դեֆիցիտի շուրջ հնարավոր ծավալվելիք հակասությունների ու հակամարտությունների հետ: Այլ խնդիր է, որ հակասությունները կարող են օգտագործվել երրորդ ուժերի կողմից, մասնավորապես, Թուրքիայի, որը բնավ դեմ չի լինի թյուրքական արմատներով ղրղզներին լարել իրանական ծագում ունեցող տաջիկների դեմ ու, հընթացս, պայթեցնել տարածաշրջանը՝ հեռանկարով, որ դա առաջին հերթին հարվածելու է Ռուսաստանի կառուցած անվտանգային համակարգին: Ճիշտ է, պետք է նաև հաշվի առնել, որ տարածաշրջանում կա նաև երրորդ մեծ խաղացողը՝ Չինաստանը, որը վերջին շրջանում Թուրքիայի հետ բավական բարիդրացիական հարաբերություններ ունի (դա, ըստ ամենայնի, կապված է Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների սրման հետ), բայց հաշվի առնելով հանգամանքը, որ Կենտրոնական Ասիայում Պեկինը հսկայածավալ ներդրումներ է արել ու դրանք միայն մասնակիորեն է հասցրել առարկայացնել քաղաքական ազդեցության դաշտում, այնքան էլ չի ոգևորվելու տարածաշրջանը խառնելու ծրագրերից: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում Կենտրոնական Ասիայում հիմնական խաղացողներից առնվազն երկուսը կարող են հակադրվել Անկարային՝ փորձելով գոնե տեսանելի ապագայում տարածաշրջանը զերծ պահել լայնամասշտաբ պատերազմից: