Ապրիլի 30-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։
Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում:
«Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։ Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ, իսկ պետությունը կաջակցի դրանց իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։
Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ խոսելով հարկային բարեփոխումների, մասնավորապես բարձր ԱԱՀ-ի մասին, որն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա։ Թվարկված խնդիրների շարքում հանդիպման մասնակիցներն առանձնացրել են նաև ֆինանսների անհասանելիության և որակյալ կաթ մթերելու հարցը։ Քննարկում է ծավալվել բարձրացված հարցերի հնարավոր լուծումների շուրջ։
Անդրադառնալով հարկման խնդիրներին` Վահան Քերոբյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում ընդհանուր հարկային քաղաքականությունը փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացում և, ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ, հարկային ընդհանուր համակարգում ԱԱՀ տարբերակված հարկային դրույքների կիրառում։
Քննարկվել են նաև մթերումների, բանկերի կողմից վարկերի տրամադրման, արտահանումների կազմակերպման, իրացման շուկաների ընդլայնման, տեղական և միջազգային խոշոր ցանցերի հետ աշխատանքի, ապրանքների փաթեթավորման և ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր։
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու և մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին արտադրողները նշել են, որ, թեև պատերազմի և համավարակի բացասական ազդեցությունն իրենց գործունեության վրա զգալի է եղել, և կան ոլորտին առնչվող շատ խնդիրներ, այդուհանդերձ, պետք է մտածել դրանց լուծման ուղղությամբ և շարունակել աշխատել՝ հաջողությունների հասնելու և երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։