Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին և նույն հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանին: Հիմնադրամի ներկայացուցիչների այցի նպատակն էր մարզպետին ներկայացնել և համատեղ քննարկել հիմնադրամի կողմից Սևան քաղաքում հիմնած հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի գործունեությանը, նպատակներին և խնդիրներին վերաբերող հարցերը:
Ինչպես նշվել է հանդիպման ընթացքում, վերականգնողական կենտրոնը հիմնվել է ՀՀ առողջապահության նախարարության, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Սևանի համայնքապետարանի և Սևանի բժշկական կենտրոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում: Որպես կենտրոնի տարածք տրամադրվել է Սևանի «Բողբոջ» մանկապարտեզի մի մասնաշենքը, որտեղ էլ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրած միջոցների հաշվին իրականացված մեկամյա շինարարական աշխատանքներից հետո այն 2021 թվականի ապրիլի 5-ին հանձնվել է շահագործման:
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի գործունեության նպատակն է բարելավել Սևան համայնքի և նրա հարակից 10 համայնքների ֆիզիկական զարգացման խնդիրներով և հաշմանդամություն ունեցող 0-17 տարեկան երեխաների առողջական վիճակը և կյանքի որակը, անհրաժեշտ պայմանների ապահովման միջոցով նպաստել երեխաների ճանաչողական և ֆիզիկական կարողությունների, խոսքի արտահայտման և ընկալման զարգացմանը: Վերականգնողական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով, ամբուլատոր բուժման միջոցով:
«Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու 120 երեխայի: Այս պահին Սևան քաղաքից և հարակից համայնքներից դեռևս հաճախում են 37 տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Կենտրոնը կահավորված է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Ունենք 14 աշխատակից, որոնք 6-ամսյա դասընթացներ են անցել և վերապատրաստվել տարբեր մասնագիտությունների ուղղությամբ»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Արմեն Հակոբյանը կարևորել է կենտրոն հաճախող երեխաներին փոխադրամիջոցով ապահովելու, մասնագետների շրջանում ընթացիկ վերապատրաստումներ իրականացնելու, կենտրոնում ծագած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ծնողական ասոցիացիա ձևավորելու, կենտրոն տանող ճանապարհի բարեկարգման, 2022 թվականին նորաստեղծ կենտրոնը Սևանի ԲԿ-ի ենթակայությանը հանձնելու նպատակով իրավական ձևակերպումների, ինչպես նաև մեծահասակների համար ևս նոր վերականգնողական կենտրոն ստեղծելուն վերաբերող հարցերը:
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի տնօրենը Գեղարքունիքի մարզպետի հետ խոսել է նաև հիմնադրամի կողմից մարզում իրականացվող համայնքային զարգացման, կրթական, վերականգնողական և այլ բնույթի ծրագրերի մասին:
«Ես մեծապես կարևորում եմ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շատ ու շատ ծրագրերի դերը: Դուք մարզում կարգավորում եք թիրախային բազմաթիվ հարցեր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այդ առումով և ակնկալում, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և պարբերաբար կգրանցի տեսանելի ու շոշափելի արդյունք: Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անունից պատրաստակամություն եմ հայտնում աջակցել ձեզ՝ բոլոր նախաձեռնություններում, որպեսզի դուք մարզի համայնքներում խոչընդոտների չհանդիպեք»,- հանդիպումը եզրափակել է Գեղարքունիքի մարզպետը:
Գնել Սանոսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկա օրերի ընթացքում այցելել և ծանոթանալ կենտրոնի գործունեությանը: