Ռուսաստանից, ԱՄՆ-ից հայ ու արտասահմանցի բժիշկները Հայաստանում են՝ վիրահատական սեղանի մոտ: Պատերազմից հետո օգնում են գործընկերներին՝ բարդ վիրահատություններ անել: Արդեն 60 հոգի պրոթեզավորվել է: Աշխատանքը բարեգործական է:
Նորայր Զախարյան, օրթոպեդ - Վերջին շաբաթվա մեջ մենք Ստեփանակերտում արեցինք մոտավորապես 40 վիրահատություն, որից 20-ը էնդոպրոթեզավորում էր: Դրանից հետո Կապանում էինք վիրահատում: Երեք վիրահատություն արեցինք այստեղ:
Այցի նպատակը նաև գործընկերներին սովորեցնելն է: Կռվի ժամանակ սփյուռքի բժիշկներն Արցախում էին, տեսել են՝ վիրավորները շատ են: Խնդիրները լուծելու համար ստեղծվել է «Հավերժական ազգ» հիմնադրամը:
Արմեն Հակոբջանյան, «Հավերժական ազգ» հիմնադրամի ղեկավար - Մենք ուզում ենք լավագույն մասնագետներին բերել: Այդ լավագույնները կպատրաստեն Հայաստանում գտնվող բժիշկներին, որ իրենք դառնան լավագույնը:
«Հավերժական ազգը» գործակցում է նաև սփյուռքի հետ: Կազմակերպում բժիշկների այցը, դեղորայք, սարքավորումներ հասցնելը:
Արմեն Հակոբջանյան - Մեզ հետ բերում ենք այն տեխնոլոգիաները՝ նոր անտիբիոտիկներ, որ այստեղ չկան, արհեստական ոսկորներ, արհեստական կաշի, որ նույնպես չկան:
Մասնագետներն իրենց ծրագրերը կներկայացնեն մայիսին՝ «Հավերժ ազգ» հիմնադրամի գիտաժողովի ժամանակ: Ամեն ամիս հայ բժիշկների համար կլինեն սեմինարներ: