Իրադրությունը տաջիկա-ղրղզական սահմանին դարձյալ լարված է: Այսօր Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել են, քննարկել երկու երկրի սահմանային իրավիճակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ պատրաստակամություն է հայտնել խնդիրների կարգավորման միջնորդը դառնալ։ Սահմանային վիճելի տարածքում ջրի բաշխման կետի շուրջ սկսված զինված բախման ժամանակ ղրղզական կողմի զոհերի թիվն անցել է 3 տասնյակը, վիրավորների թիվը 154 է:
-------
Ռոսֆինմոնիտորինգը Նավալնու շտաբները ներառել է ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում՝ մինչև այս հարցի վերաբերյալ դատարանի որոշումը: Հարուցվել է ևս մեկ քրեական գործ Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարի դեմ։ Այս անգամ Նավալնին մեղադրվում է «Քաղաքացիական իրավունքները ոտնահարող շահույթ չհետապնդող կազմակերպություն ստեղծելու» հոդվածով: Գործով կասկածյալներ են նաև բլոգեր, մարզային շտաբները ղեկավարող Լեոնիդ Վոլկովը և հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը:
-------
Ժնևում Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի հովանու ներքո կայացած բանակցություններն անցել են ապարդյուն: Ապրիլի 29-ին ՄԱԿ-ը և Միջերկրական ծովի կղզու երեք երաշխավոր երկիր` Հունաստանը, Թուրքիան և Մեծ Բրիտանիան, չկարողացան վերացնել տարաձայնությունները։ ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ նոր բանակցություններ կլինեն երկու-երեք ամսից: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, սակայն, հայտարարել է, թե դրական արդյունք չի ակնկալում ՄԱԿ-ի կազմակերպած կիպրոսյան նաև հաջորդ հանդիպումից: Կիպրոսը չի կարողանում դուրս գալ կղզու հույն և թուրք համայնքների միջև տասնամյակներ շարունակվող պայքարից՝ չնայած համապարփակ կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի դիվանագիտական ջանքերին: