Սիրուշ տատը կարդում է առանց ակնոցի, անսխալ, նույնը` պահանջում ծոռնուհուց, մինչև չհավանի, տնային դասը ավարտված չի համարի, և ոչ միայն մայրենին, ասում է` մի քիչ գերմաներենից է կաղում:
Գյուղի դպրոցի 8-ամյան է ավարտել, կյանքը ծանր էր, ընտանիքը` բազմանդամ, գյուղի տղամարդիկ պատերազմ էին մեկնել, ինքը դարձել է գյուղի միակ տրակտորիստը և թողել միայն ամուսնանալուց հետո: Չի խորշել ոչ մի գործից: Հաղարծին գյուղի` դարի հասակակից միակ կինը երկու անգամ անվանափոխված ծննդավայրի վերջին 100 տարվա պատմության վկան է:
Սիրուշ Պողոսյան (Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ) - Ծնվել եմ Ջարխեչում, երիտասարդությունս անց եմ կացրել Կույբիշևում, ծերությունս անց եմ կացրել Հաղարծինում: Ամեն տեղ եղել եմ, ամեն դժվար գործ էլ արել եմ:
Ինը երեխա է ունեցել, իսկ թոռների ու ծոռների թիվը 100-ից վաղուց է անցել, այդքանը մտքում պահել չի լինում:
Սիրուշ Պողոսյան - 27 թոռ ունեմ, 66 ծոռ ունեմ, թոռան թոռը 28-ն ա, փեսա` թոռների, ծոռների` 23 հատ, հարսը` 14 հատ, սաղ իրար հետ՝ 157 հատ: Ես մի սուտ նեղվել չեմ, որ ինը էրեխա ունեմ, ոչ աշխատանքից եմ բացակայել, դրա հետ ոչ էրեխանցն եմ ձեռնաթող արել, գիշերն արել եմ տանը, ցիրեկը` դաշտում:
71-ամյա դուստրը հիշում է.
Լիդա Պողոսյան - Էս նկարում մեր երեխաներն են, բոլորի հագի շորերը մեր մաման ա կարել, ոչ թե մենակ մեր, այլ սաղ թաղի երեխեքի համար:
Հիմա կարել չի կարող, բայց առանց ակնոցի ասեղ է թելում, գուլպա գործում, թե քանի զույգ է գործել՝ հաշիվը կորցրել է:
Մինչև հիմա հետևում է կարգուկանոնին՝ թե՛ դրսի, թե՛ տան գործերում: Այս հին սնդուկում ընտանեկան ողջ արխիվն է` իր վերահսկողության տակ, ոչ մի փաստաթուղթ չի կորչի, փակի տակ է, բանալին էլ` միայն իր իմացած տեղում:
Սիրուշ տատի 100-ամյակը վերջերս է լրացել, Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատարի նվիրած ծաղկեփունջը դեռ թարմ էր, ասում է՝ իր ստացած միակ ծաղկեփունջն է: Միշտ ինքն է նվիրել` դաշտից, սարից քաղած ծաղիկները: Առողջությունը տեղն է, ասում է՝ մի քիչ ականջներն են ծանրացել, բայց դա չի խանգարում ձեռքից եկածն անելու, կատակում է ու հիշում, որ ճագարներին կերակրելու ժամն է:
Ընտանիքի միշտ ժպտերես, բարի ու խիստ մեծ մայրը իր մեծ գերդաստանի մերանն է՝ ասում են տնեցիները, ջերմության պակաս չի զգում, միայն թոռան կորստի ցավն է սրտում, 44-օրյա պատերազմում զոհվել է, բայց աչքը ճամփին է:
Իսկ սրտի ուզածը միայն խաղաղությունն է: Խաղաղության գինը լավ գիտի նաև Հայրենական պատերազմի և աշխատանքի վետերան Գվիդոն Հախվերդյանը, նա էլ Հաղարծինի 100 տարեկան միակ տղամարդն է: Տարեդարձի օրը պաշտոնական հյուրեր ունեին, դատարկ ձեռքով չէին եկել` ծաղիկներով ու շնորհակալագրով:
Նավիկ Հախվերդյան (Գվիդոն Հախվերդյանի որդին) - Մեզ հյուր եկան Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ, Տավուշի մարզպետը, Դիլիջանի համայնքապետը:
Շատ բան արդեն չի հիշում, պատմելու հետ սեր էլ չուներ, փոխարենը խոսուն էին մարտական և աշխատանքային տասնյակ պարգևներն ու մեդալները: 100-ից ավելի թոռներին ու ծոռներին է համարում իր մեծ պարգևը:
Տղամարդը ոչ մի բանից, այդ թվում՝ առողջությունից չպիտի բողոքի, չնայած խնդիրներին` ասում է:
Գվիդոն Հախվերդյան (Դիլիջան համայնքի բնակիչ) - Տեսողութինս հայելու պես ա, մնացած բոլորն էլ դեռ սարքի ա:
Երկար ապրելու ոչ մի գաղտնիք էլ չկա՝ ասում է, պարզապես պիտի հիշել գոնե երեք բան՝ ուժեղ լինես, գիտուն լինես, լավը լինես` էդ էլ երեք, ընկերի հետ ուժեղ աշխատող լինես, գործիդ մեջ գերազանցիկ լինես:
Սիրուշ տատն ու Գվիդոն պապը գյուղի տարբեր ծայրերում են ապրում, զարմանքով իմացան միմյանց 100-ամյակի մասին: Լուրն առնելուն պես Սիրուշ տատը իրեն հատուկ հումորով արձագանքեց՝ ես ու Գվիդոնը սոցմրցման պայմանագիր դենք կնքիլ, ով մեռնի՝ նա պարտվեց: