Ադրբեջանում հայ գերիների խնդրին Եվրամիության արձագանքը՝ Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է՝ կարծում է Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը: Կիրակոսյանը հուսով է, որ այն սթափեցնող կլինի Ադրբեջանի համար:
Եղիշե Կիրակոսյան (Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ) - Վստահ եմ, որ նման հայտարարությունը կարևոր հանգամանք է, նաև զարգացում էր Պառլամենտական ասամբլեայում տեղի ունեցած քննարկումներից հետո, երբ հնչեցին շատ սուր քննադատություններ՝ ուղղված Ադրբեջանին և պահաջ՝ արագ բաց թողնել գերիներին: Հուսով եմ՝ դա մոտ ապագայում կունենա իր ազդեցությունը:
Եղիշե Կիրակոսյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գերեվարված անձանց միջև տարբերություն դնելն ու նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանում պատանդառված անձանց դիվերսանտ ու ահաբեկիչ անվանելը քաղաքական մանիպուլյացիայի ապարդյուն փորձեր են:
Եղիշե Կիրակոսյան - Միջազգային կառույցներով պետք է անպայման շարունակել աշխատել, ակտիվացնել աշխատանքը, ավելի թիրախային դարձնել գուցե աշխատանքը, չնայած մինչև հիմա էլ բազմաշերտ աշխատանք տարվել է թե՛ արտգործնախարարության միջոցով, թե՛ մեր ներկայացուցչությունների միջոցով:
Եղիշե Կիրակոսյանը կարևոր համարեց նաև գերիների հարցով Եվրադատարանի միջոցով աշխատանքը: Քանի դեռ Բաքուն չի կատարում գերիների վերադարձի հարցում ստանձնած պարտավորությունը, գործունեության այս ձևաչափը, ըստ նրա, ևս պետք է պահպանել:
Եղիշե Կիրակոսյան - Կարծում եմ՝ միգուցե նաև կարիք կա երկկողմ մակարդակով ինտենսիվացնել կապերը, չնայած որ վստահ եմ, որ մեր ԱԳՆ-ն աշխատում է:
Ստրասբուրգի դատարան գերեվարված անձանց վերաբերյալ նոր հաստատում Բաքուն չի ներկայացրել: Առայժմ ընդունել է միայն 72 անձի գերեվարման փաստը:
Մինչդեռ հայկական կողմն ի սկզբանե ներկայացրել է ավելի քան 240 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում: