ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Եվրոպայի գրեփլինգի առաջնության արծաթե մեդալակիր Մայիս Ներսեսյանին, Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանին և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Մայիս Ներսեսյանին հաջող ելույթի կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում արդեն չեմպիոն դառնալու առիթով շնորհավորելու հնարավորություն կունենա. «Շնորհավորում եմ և շնորհակալ եմ, որ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը՝ պատվով եք հանդես եկել: Այս անգամ գուցե նկատելի է եղել փորձի պակասը, սակայն համոզված եմ՝ ֆեդերացիայի նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ այս մարզաձևում ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ: Նախարարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել ֆեդերացիայի գործունեությանն ու զարգացմանը»:
Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԿԳՄՍ նախարարի տեղակալին հանձնել են ֆեդերացիայի խորհրդանշական գավաթ և մեդալ:
Նրանք հավաստիացրել են, որ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը մշտապես բարձր պահելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարզաձևի կայացմանը և մասսայականացմանը, մարզչական վերապատրաստումներին վերաբերող և այլ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է, որ նախարարությունը կանի հնարավորը՝ ակտիվ գործընկերային հարաբերությունների ապահովման և համատեղ ուժերով խնդիրների արագ լուծման համար: