Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Օլդ Տրաֆորդում» կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին խաղն անբարենպաստ ելք ունեցավ «Ռոմայի» համար: Տանտերերը հաղթեցին խոշոր՝ 6:2 հաշվով:
9-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշն առաջ մղեց մանկունյանցիներին: 15-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը: 33-րդ րոպեին Էդին Ջեկոն հաշվի մեջ առաջ մղեց «Ռոմային», սակայն հյուրերի առավելությունը պահպանվեց մինչև 48-րդ րոպեն, որից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գոլային հրավառություն կազմակերպեց:
Նախ Կավանին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա խաղակեսի միջնամասում խփեց նաև իր երկրորդ գոլը: 71-րդ րոպեին այս խաղում իր երկրորդ գոլը խփեց նաև Ֆերնանդեշը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Երեք րոպե անց Պոլ Պոգբան հաշիվը դարձրեց 5:2: 87-րդ Գրինվուդը խփեց իր թիմի 6-րդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 6:2:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հադիպմանը:
Մայիսի 6-ին կայանալիք պատասխան դիմակայությունից առաջ «Ռոմայի» շանսերը նվազագույն են: Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Արսենալին»: