Վերլուծելով 2020-ի ընթացքում մեր երկրում քրեական հետապնդման ոլորտի աշխատանքները, մթնոլորտը, հանցածին իրավիճակ ստեղծելու ռիսկերը՝ եկել եմ հետևության, որ գործուն քայլեր ձեռնարկելու խիստ անհրաժեշտություն կա՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ դրա համար ցանկանում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
«Մենք այսօր սոցցանցերում հաճախ ենք հանդիպում անորոշ հայհոյանք: Այնքանով, որքանով որ դա խուլիգանության հանցակազմի վերաբերյալ չարչրկված մեկնաբանությունների պայմաններում ոչ միշտ է տեղավորվում հանցակազմի որակման մեջ, մենք այս արարքի նկատմամբ որևէ հակադարձում չունենք: Այսինքն՝ մենք ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին, էական բարոյական ազդեցություն է ունենում հանցածին վիճակի վրա, և դրան չունենք համապատասխան արձագանք:
Քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց հատել է կարմիր գիծը: Մենք հիմա չենք քննադատում շատ հաճախ, մենք ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս: Եվ սա չի կարող չունենալ համապատասխան հետևանքներ: Ինձ համար ամենացավալին այն է, որ սա բերում է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի նվազման»,- նշեց Դավթյանը:
Դատախազությունն այս մասով քրեականացման անհրաժեշտություն է տեսնում:
«Ժամանակին քրեականացված են եղել ընդհանրապես վիրավորանքն ու զրպարտությունը: Մենք հիմա դրա մասնավոր հատվածն ենք ասում: Ասում ենք՝ հանրային ծառայողին զրպարտելն ու վիրավորելը՝ կապված իր ծառայության հետ, քրեականացնենք: Սա բավականին նեղ շրջանակ է: Ինչո՞ւ ենք սա առանձնացրել, սրանով ոչ թե կոնկրետ սուբյեկտն ենք ուզում պաշտպանել, այլ պետական ինստիտուտը, պետությունն ու հանրային ծառայությունն ենք ուզում պաշտպանել: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք՝ հանրային ծառայողները խուսափում են քաղաքացիական դատարաններ հայցեր ներկայացնելուց և իրենց խախտված իրավունքները վերականգնելուց: Ըստ էության մնում է բաց դաշտ»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյանի խոսքով՝ ազատ խոսքը անքակտելի հիմնարար իրավունք է, ոչ ոք սա չի վիճարկում, բայց այն բացարձակ իրավունք չէ, պետք է ունենա սահմաններ, և այդ սահմանները պայմանավորված են համապատասխան համաչափությամբ, թե որքանով են դրանք համադրելի հանրային անվտանգությանը, բարոյականության նորմերին, այլ անձանց պատվին ու արժանապատվությանը:
«Երբ մեր նախաձեռնությունը քննադատում են, թե սա կարող է դառնալ ազատ խոսքի սահմանափակում, ինձ մնում է միայն մեկ հակադարձ հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը դարձավ ազատ խոսք: Վտանգ են տեսնում սրանում այն առումով, որ կարող է կոնկրետ քննադատողների նկատմամբ հետապնդում իրականացվի: Այստեղ էլ եմ ուզում հիասթափեցնել մեր հակառակորդներին, որովհետև Եվրոպական դատարանը իր ակտերով բազմիցս սրան անդրադարձել է: Թիվ մեկ արձանագրմամբ ասում է, որ քննադատությունը կարող է քրեականացվել: Երկրորդ՝ կարևորում է շատ քննադատություն և հանցավոր դրսևորում ունեցող վիրավորանք սահմանը, դրա համար էլ հստակ դրել է չափանիշներ: Եվ երրորդ՝ մենք այսօր հրապարակային այնքան անվիճելի վիրավորանքի խոսքի հետ գործ ունենք, որ մեր նույնիսկ ռեսուրսներն ու ժամանակը չեն հերիքի հասնել այն գծին, թե սա քննադատությո՞ւն է, թե՞ վիրավորանք»,- նշեց Դավթյանը: