Երեխա ունեցող ընտանիքները հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար նախորդ տարվա հուլիսից պետական աջակցություն են ստանում: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար հաստատվել է երեք պետական ծրագիր: Արդեն աջակցություն է ստացել 839 շահառու, այդ թվում՝ 156-ը՝ միանվագ դրամական աջակցության, 115-ը՝ կանխավճարի ապահովագրության, 568-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով:
Մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում գործում է միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որն ուղղվում է կա՛մ կանխավճարի ֆինանսավորմանը, կա՛մ, եթե ունի կանխավճար՝ մայր գումարից մարում է արվում:
Բնակարանը պետք է ձեռք բերված լինի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո:
Ընտանիքում պետք է լինի առնվազն երկու անչափահաս երեխա:
Անշարժ գույքի ձեռքբերման և շուկայական գնահատված արժեքները չպետք է գերազանցեն 30 մլն դրամը, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ևս 5 մլն դրամով:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական) - Շահառուն պետք է կատարի երկրորդային շուկայի դեպքում առնվազն 10 տոկոս կանխավճար, առաջնային շուկայի դեպքում՝ 7,5 տոկոս կանխավճար: Պետք է անպայման անշարժ գույքի սեփականության վկայականի մեջ ներառվեն շահառուի բոլոր անչափահաս երեխաները և, եթե կա պետական գրանցված ամուսնություն՝ կինը կամ ամուսինը:
Քաղաքացին ծրագրից կարող է օգտվել միայն, եթե հիփոթեքային վարկը վերցնում է նախարարության հետ գործակցող բանկերի կամ վարկային կազմակերպության միջոցով:
Գայանե Ղարագյոզյան - Աջակցության չափը կազմում է անշարժ գույքի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ, որը երրորդ և յուրաքանչյուր երեխայի դեպքում ավելացվում է ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամով:
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, ապա աջակցությունը ավելացվում է 30 տոկոսով, սակայն այդ դեպքում ևս աջակցության առավելագույն չափը 2.6 մլն դրամն է:
Երկրորդը՝ կանխավճարի ապահովագրության նպատակային ծրագիրն է: Շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարը վճարելու համար: Շահառուն պետք է ունենա առնվազն մեկ անչափահաս երեխա:
Այս աջակցությունը ևս տրամադրվում է միայն նախարարության հետ համագործակցող բանկերից կամ վարկային կազմակերպությունից օգտվելու դեպքում:
Երրորդ ծրագիրն էլ երեխայի ծննդյան աջակցությանն է միտված: Պետք է երեխան ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Երեխայի ծննդյան հաջորդ ամսվա մեկի դրությամբ շահառուն պետք է ունենա 12 տոկոս մարում, և վերջին 12 ամսվա ուշացումները չպետք է գերազանցեն 30 օրացուցային օրը:
Գայանե Ղարագյոզյան - Անշարժ գույքի արժեքը՝ ինչպես ձեռքբերման, այնպես էլ շուկայական գնահատված արժեքները, կրկին չպետք է գերազանցեն 30 միլիոն դրամը, որը ևս երրորդ և հաջորդ երեխայի դեպքում ավելացվում է 5 մլն դրամով:
Այս ծրագրի դեպքում նշանակություն չունի՝ բանկն ունի՞ նախարարության հետ պայմանագիր, թե՞ ոչ: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրում առաջին և երկրորդ երեխայի դեպքում, եթե անշարժ գույքը ձեռք է բերվել Երևանում, ապա երեխայի ծնված ամսվա 1-ի դրությամբ մայր գումարի մնացորդի 5 տոկոսի չափով է աջակցություն տրամադրվում, մարզերի դեպքում՝ 10 տոկոսի, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ:
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա Երևանում առաջին և երկրորդ երեխայի դեպքում մնացորդի 8 տոկոսը, մարզերում՝ 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1.5 մլն դրամ:
Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում, եթե անշարժ գույքը Երևանում է, ապա երեխայի ծնված ամսվա 1-ի դրությամբ մնացորդային մայր գումարի 25 տոկոսը, մարզերում՝ 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը, իսկ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա Երևանում՝ 35 տոկոս, մարզերում՝ 75 տոկոս, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամ:
Գայանե Ղարագյոզյան - Նույն շահառուն կարող է միաժամանակ օգտվել երեք ծրագրից էլ: Առաջին և երկրորդ ծրագրի շրջանակներում ինքը ձեռք է բերում իր անշարժ գույքը, եթե ունի երկու անչափահաս երեխա մեկ տարի հետո, քանի որ 12 ամիս անպայման մարում պետք է ունենա, երբ ծնվի երրորդ երեխան, օգտվում է երեխայի ծննդյան աջակցության ծրագրից: Նույն շահառուն կարող է օգտվել առաջին երկու ծրագրերից, հետո յուրաքանչյուր երեխա ծնվելուց հետո՝ երրորդ ծրագրից:
Նախորդ տարվա հուլիսից մինչև օրս պետությունն արդեն այս երեք նպատակային ծրագրերով վճարել է 639,339 դրամ, որից 302.078-ը՝ այս տարի: