Հայկական հիգիենիկ պարագաների հերթական արտադրանքը փաթեթավորվում է ռուսական շուկայի համար։ Շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանում եվրոպական չափորոշիչներով արտադրվող հիգիենիկ պարագաները արտահանվում են Մոսկվա։ Պատվերներ կան, հումքի խնդիր չունեն, գործող հոսքագծերի արտադրական հզորությունները չեն բավարարում՝ ասում է արտադրող ընկերության տնօրենը։
Պապին Սինանյան (gործադիր տնօրեն) - Պատրաստվում ենք նոր հոսքագիծ ձեռք բերենք, հիմա համագործակցում ենք Ներդրումների աջակցման կենտրոնի հետ։ Խորհրդատվություն են տալիս մեզ։
Երեք տարում ներդրվել է 3 մլն դոլար։ Հոսքագծերն են թանկ։ Սակայն արդեն երկու հոսքագիծ ձեռք բերելու համար Կառավարության որոշմամբ օգտվել են ավելացված արժեքի հարկի հետաձգման ատոնությունից։ Հիմա գործակցում են Ներդրումների աջակցության հիմնադրամի հետ՝ երրորդը բերելու համար։ Գործարանն առայժմ ունի 30 աշխատող։
Պապին Սինանյան - Հաստոց ավելացնելով՝ ևս 10 հոգի, 10 աշխատատեղ կարող ենք ապահովել։
Ներդրումների աջակցության կենտրոն մարդիկ դիմում են տարբեր խնդիրներով, և՛ արդեն գործող, և՛ զրոյից բիզնես սկսողները։ Հիմնական խնդիրներն առաջանում են ոչ թե գործընթացը բարդ լինելու, այլ տնտեսվարողների անտեղյակության պատճառով:
Գոհար Գալյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ) - Կամ իրանք իրազեկված չեն լինում պետական աջակցման ծրագրերից, ընթացակարգից։ Շատ ներդրողներ կան, որ դիմում են մաքսատուրքից ազատման ընթացակարգին ծանոթանալու համար, այդ պարագայում մենք իրենց ամբողջ ուղղությունը տրամադրում ենք։
Գործարարներին աջակցում են խորհրդատվությամբ, հետևում են ամբողջ գործընթացին, հանկարծ չլինի այնպես, որ ներդրողը գործի կեսից հիասթափվի։