Բերդի տարածաշրջանի ամենաբազմազավակ գյուղը վերջին երեք տարում երկրորդ մանկապարտեզն է կառուցում: Սահմանամերձ համայնքում կրկին բեյբի բում է:
Օնիկ Բալյան (Արծվաբերդ համայնքի վարչական ղեկավար) - էս պահին կա: Էլի՞ բեյբի բում, այո՛, այո՛, բեյբի բումն անպակաս ա Արծվաբերդից:
27 կին Արծվաբերդում սպասում է երեխայի, արդեն ծնված փոքրիկներն էլ՝ մանկապարտեզ հաճախելու իրենց հերթին: Նախակրթարանի շենքը մինչև 90 երեխայի համար է, իսկ արծվաբերդցի մանուկների թիվը գերազանցում է 150-ը:
Օնիկ Բալյան - Եթե ընդունենք 2 տարեկանից, քանի որ Արծվաբերդի 80 տոկոսն աշխատում է ձեռնոցի զավոդում, զորամասում, դպրոցներում, 2 տարեկանից պետք ա ընդունենք, 160 մոտ: Երկրորդ մանկապարտեզն անհրաժեշտ ա:
Դպրոցն իր չօգտագործվող տարածքի մի մասն է տրամադրել: Բերդի տարածաշրջանում յոթերորդ մանկապարտեզն է, որի նորոգումն իրականացվում է «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ: Հատկացվել է 45 հազար դոլար, աշխատանքը կավարտեն մեկ-երկու ամսից:
Սևան Ամիրյանց («Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչ) - Վերաձևավորել ենք՝ համապատասխանեցնելով մանկապարտեզի համար սենյակների:
8-9 տարում սահմանամերձ Բերդ համայնքը հիմնադրամի հետ գործակցում է տարբեր, այդ թվում՝ գյուղատնտեսական ծրագրերով: Այս տարածաշրջանում հիմնադրամի առաջնային խնդիրն է նաև տեղահանված արցախցի ընտանիքների վերաբնակեցումը Ներքին Կարմիրաղբյուրում:
Հարություն Մանուչարյան (Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար) - Արծվաբերդ գյուղի հաճելի խնդիրներից է: Երեխաների քանակը անհամեմատ ավելի շատ է, քան մանկապարտեզի հնարավորությունը: Հաճույքով ենք պրոբլեմին արձագանքում:
44-օրյա պատերազմում Արծվաբերդն ունեցավ 12 զոհ: Գյուղի ղեկավարի խոսքով՝ ծնելիության աճն այստեղ ունի նաև վերածննդի խորհուրդ: