ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 30-ամյա տղամարդը, ամուսնության նպատակով Էջմիածին քաղաքի բնակչուհուն առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր 34-ամյա ընկերոջ և ևս 2 անձանց հետ, 2017 թ. հունիսի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խմբի կազմում, նույն քաղաքի Կույբիշևի փողոցում, աղջկա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս առևանգել են։
Այնուհետև երկու ընկերներն աղջկան տարել են նախ՝ Աշտարակ քաղաք, որտեղից՝ Դիլիջան: Հաջորդ օրը աղջկան հաջողվել է դիմել փախուստի։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել կալանավորում, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:
34-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նշենք, որ 30-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թ. ապրիլի 11-ին, և այժմ գտնվում է դատաքննության փուլում:
Ինչ վերաբերում է մյուս երկու անձանց, ապա նրանց վերաբերյալ վարույթը կասեցվել է՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված անձի հայտնի չլինելու հիմքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: