Ապրիլի 29-ին կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, կայուն զարգացման, սոցիալական հետազոտությունների փորձի փոխանակման մի շարք այլ հարցեր:
Հայաստանյան ներկայացուցիչը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այժմ 2021-2025 թթ. երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է, և այն նախատեսում է նաև կամավորության զարգացում և խթանում:
«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների քննարկմանը Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է մայիսի 1-ին Կապան քաղաքում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, անցկացվող միջոցառումները: Միաժամանակ նախարարի տեղակալը վերահաստատել է ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը, և ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը 2021 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը, որի մասին որոշում էր ընդունվել նախորդ նիստի ժամանակ:
Դիմելով գործընկերներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Սիրով հրավիրում եմ ձեզ մեր հրաշալի երկիր: Լիահույս եմ, որ քաղաքական և համավարակային հանգամանքները չեն խանգարի հյուրընկալել ձեզ մեր երկրի երիտասարդական մայրաքաղաք հիասքանչ Կապան քաղաքում և չեն խոչընդոտի մեր ծրագրերին, և դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր երկրի հնադարյան պատմությանն ու տեսարժան վայրերին»:
Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել աշնանը Հայաստանում անցկացվելիք այդ կարևոր միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ Անկախ պետությունների համագործակցության ձևավորման 30-ամյա և ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյանների առթիվ: