Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Եվրոպայում կարանտինի միջոցառումների չափազանց հապճեպ վերացումը կարող է վերածվել կորոնավիրուսի դեպքերի աճի նոր հզոր բռնկման, տեղեկացնում է 1tv.ru-ն:
Կազմակերպությունը մտավախություն է հայտնել, քանի որ ռիսկի խմբում հայտնված պետությունները, այդ թվում՝ Պորտուգալիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան, պատրաստվում են թուլացնել կամ վերացնել որոշակի սահմանափակումները, չեղարկել պարետային ժամը, թույլ տալ փոքր զանգվածային միջոցառումներ և բացել առևտրի կենտրոնները:
Թուրքիայում էլ` հակառակը, ուժի մեջ է մտել ամբողջական սահմանափակումը, որը կտևի մինչև մայիսի 17-ը: Այս ժամանակահատվածում կգործի շուրջօրյա պարետային ժամ: Միայն բժշկի, մթերային խանութ կամ դեղատուն գնալու դեպքում և որոշակի ժամերի կարելի է տնից դուրս գալ առանց հատուկ թույլտվության: Թուրքիայի քաղաքների տասնյակ հազարավոր բնակիչներ որոշել են խիստ կարանտինն անցկացնել շրջաններում: Արդյունքում՝ հսկայական խցանումներ են առաջացել ճանապարհներին, մարդկանց կուտակումներ երկաթուղային կայարաններում և օդանավակայաններում: