«Քո արվեստը դպրոցում» ծրագրով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Կրթության նախարարությունը վերսկսում են կրթամշակութային հանդիպում-դասախոսությունների շարքը, որը կանցկացվի ապրիլից-նոյեմբեր՝ ամբողջ հանրապետությունում:
Ծրագիրը մեկնարկում է մայր թատրոնում՝ Արմեն Էլբակյանի վարպետության դասով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը խորհրդանշական է համարում, որ ամեն ինչ սկսվում է մի բեմից, որտեղ ազգային թատրոնի հսկաներն են խաղացել:
Ծրագիրը հնարավոր լայն ընդգրկում ունի. բոլոր մարզերում 30 արվեստագետների հետ հանդիպումներին կմասնակցեն 600 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ:
Ծրագրի առաջին փուլում՝ ապրիլ-մայիսին, Երևանում հանդիպումների շարքը կներառի վարպետության դասեր ճանաչված արտիստների, նկարիչների, գրողների և երաժիշտների հետ, որոնց հետ երեխաները կծանոթանան ոչ միայն նախապես պատրաստված տեսաֆիլմերով, այլև հնարավորություն կունենան սովորել նրանցից և ինքնակատարելագործվել:
Արմեն Էլբակյանը նախընտրում է աշակերտների հետ ազատ զրույց-երկխոսությունը, որը կօգնի երեխաներին կողմնորոշվել ճշմարիտ արժեքների հարցում:
Երեխաների հետ հանդիպումն Արմեն Էլբակյանն սկսում է իր հայտնի բանաձևով՝ թատրոնը աշխարհի փոքր մոդելն է. գուցե այս երեխաներից մեկն իր արտիստական ճանապարհը գտնի հենց այդ աշխարհում: