Ներքին Հանդ բնակավայրի «Սոսիների պուրակը» վերահսկվում է հայկական Զինված ուժերի կողմից: Սյունիքի մարզպետի տեղակալը պնդում է` «Սոսիների պուրակ» հակառակորդը չի մտել:
Կարո Ավանեսյան, Սյունիքի մարզպետի տեղակալ - Բացառվում է, քանի որ որտեղ մենք կանգնած ենք, դրանից 400 մետր ներքև մեր դիրքերն են, որտեղ հսկում է մեր բանակը:
Որտե՞ղ էր արվել Ալիևների աղմկահարույց ֆոտոսեսիան. հարցի պատասխանը մարզպետի տեղակալը ևս ունի: Պնդում է՝ համարակալման ցուցանակի խայծը հատուկ հայկական կողմի համար էր արված, որը, ցավոք, որոշ շրջանակների դրդմամբ համացանցում կուլ տվեցինք:
Կարո Ավանեսյան - «Սոսիների պուրակը» գետի հունով 17 կմ ձգվում է, այս գետը գնում խառնվում է Արաքս գետին, 17 կմ-ից 7-ն ընկնում է Ադրբեջանի տարածքում և այդտեղ է նկարվել թշնամին:
1958-ին հիմնված Կովկասի միակ Արևլյան Սոսու բնական պուրակի կողքին՝ Ներքին Հանդ համայնքում բնակվող Մհեր Բաղդասարյանն ու համագյուղացիները նեղսրտած են, բնության այս գողտրիկ անկյունի մասին շատերն իմացան միայն վերջերս բարձրացած աղմուկից հետո, առանց տեղանքը պատկերացնելու էլ սկսեցին վերլուծություններ անել:
Մհեր Բաղդասարյան, Ներքին Հանդ համայնքի բնակիչ - Կոչ եմ անում լրատվամիջոցներին անձամբ գալ ու տեղում տեսնել, թե ինչ է կատարվում: Մենք պաշտպանված ենք, կանոնավոր զորքն այստեղ է:
Գյուղի հնաբնակ Մհեր Բաղդասարյանն իրականությունը ներկայացնելու համար հասնում է 90-ականներ, երբ որոշ ժամանակ Ներքին Հանդն Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել, ապա ազատագրվել: Պատմական ակնարկով ցույց է տալիս՝ ինչն-ինչպես է եղել:
Մհեր Բաղդասարյան - Այն տարածքը, որտեղ Ալիևը նկարվել է, իրենց Ռազդա տարածքն է:
«Սոսիներ պուրակի» պահպանությունը եղել և մնում է պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում: Սահմանին զինվորներն են, մեր կողմից՝ ԱԻՆ աշխատակիցներն ու բնապահապանության նախարարությանը. Հազվագյուտ ծառատեսակներով հարուստ տարածքում հսկողությունը խիստ է:
Ռոմա Սահակյան, Սյունիքի մարզի փրկարար վարչության պետի տեղակալ - Ամառը մոտենում է, «Սոսիների պուրակի» խտությունը հաշվի առնելով՝ բնակչությանն իրազեկում ենք հրդեհների վտանգի մասին:
Անդրադառնալով Ներքին Հանդի խնդիրներին՝ յոթանասուն բնակիչ ունեցող համայնքում հիմնական խնդիրը գյուղմթերքի սպառումն է:
Սմբատ Երեմյան, Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության գլխավոր մասնագետ - Վերջերս Կառավարության կողմից գյուղին հատկացվել է 12 միավոր գյուղտեխնիկա:
Սահմանամերձ համայքնի բոլոր խնդիրները մարզպետարանում գույքագրում են, ներկայացնում Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին: