Նախորդ տարի կոռուպցիայի դեմ պայքարը եղել է դատախազության առաջնահերթությունների շարքում՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով դատախազության 2020 թ. գործունեության մասին հաղորդումը:
«Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին մեր ձեռնարկած միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները:
Դրական շարժ ունենք նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս»,- նշեց Դավթյանը: