ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում վերջին ժամանակահատվածում ձևավորվել է այնպիսի պրակտիկա, որ դատարանները գրեթե բոլոր գործերով ձերբակալման արձանագրությունները ճանաչում են ոչ օրինական և ազատ են արձակում կասկածյալներին՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բացակայում են իրավական հիմքերը:
«Նման երևույթը կարող է հանգեցնել հանցավորության աճին և բացասական հետևանքներ թողնել Հայաստանի բնակչության և պետության համար: Առաջարկվող նախագծով ընդարձակվում են ձերբակալության հիմքերը և հստակեցվում է ձերբակալության կարգը»,- ասաց Բաղդասարյանը:
Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն և ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ: