ՀՀ ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատ քաղաքային համայնքում։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ անշարժ գույքերի միավորման մասին որոշմամբ քաղաքացի Հ. Ա.-ին երկու կառուցապատման իրավունքով տրամադրված բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության գույքերը միավորվել են 0.1638 հա ընդհանուր մակերեսով և ստացել պետական գրանցում։ Հետագայում, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի գրությունն այն մասին, որ հողամասն այլևս ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի շարքին չի դասվում, 2015 թ․ Արարատ քաղաքի ավագանու որոշմամբ ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է նույն քաղաքացուն։ Այնուհետև հողամասը համայնքի ղեկավարի՝ անշարժ գույքերի միավորման մասին 2017 թ․ որոշմամբ՝ սեփականության իրավունքով քաղաքացի Հ. Ա.-ին պատկանող 0.11 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հետ և ստացել է պետական գրանցում 0.2738 հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
Սակայն վերոնշյալ հողամասը, ըստ ՀՀ կառավարության 28.09.2005 թ. «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N2416-Ն որոշման՝ համայնքին է փոխանցվել որպես զբոսայգի (չմասնավորեցվող հողամաս)։ Հետևաբար, համայնքը այն օտարելու իրավունք չուներ։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։