Տանձուտում ծորակներից վերջապես մաքուր ջուր է հոսում: Նախորդ դարի 70-ականներին կառուցված ջրագծերն այնքան էին մաշվել, որ ծորակներից ինչ աղբ ասես՝ հոսում էր: Խմելու համար անպիտան դարձած ջուրը շատ հաճախ չէին կարողանում օգտագործել նույնիսկ կենցաղում:
Անահիտ Ազիզյան (Տանձուտ համայնքի բնակիչ) - Երեխաներին լողացրել եմ, հետո տղաս բալոնով ջուր է բերել, որ էդ հոտը վրաներից մաքրեինք:
Տանձուտցիները տարիներ շարունակ մաքուր ջուր գնել են շրջիկ մեքենաներից՝ լիտրը 10 դրամով: Ջրի խնդրին վերջ տալու համար համայնքի ղեկավարությունը սուբվենցիոն հայտ էր ներկայացրել Կառավարություն: Պետության համաֆինանսավորմամբ՝ 120 մետր խորքային հոր են փորել, մոտ 800 մետր խողովակաշար կառուցել և գյուղի կեսին ապահովել մաքուր ջրով: Նույնիսկ հիմա տիկին Անահիտը, սովորույթի ուժով, դեռ ապավինում է Թալինից ջուր բերող ցիստեռնին:
Մուշեղ Միքայելյան (Տանձուտ համայնքի ղեկավարի տեղակալ) - Դրան սովորել են, բայց կամաց-կամաց պիտի գնան էս ջրին: Մաքրվել է...
Բելլա Ղուկասյան (Տանձուտ համայնքի բնակիչ) - Առաջ համ էր գալիս, հիմա խնդիր չկա:
Տանձուտում փոխել են ջրագծերի առնվազն 50 տոկոսը: Իսկ գյուղի մյուս հատվածը դեռ մաշված խողովակներով է ջուր ստանում:
Գրիշա Խուրշուդյան (Տանձուտի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար) - Պատրաստվում ենք փոխել նաև մնացած հատվածը, հայտ ենք ներկայարցրել, հաստատվել է, շուտով փաստաթղթերը կներկայացնենք: Մինչև տարեվերջ գյուղի ջրագծերն ամբողջությամբ փոխված կլինեն:
Ջուրը դեռևս գրաֆիկով են տալիս, իսկ երբ անցնեն 24-ժամյա մատակարարման, նաև ջրաչափեր կտեղադրեն: Գյուղի հոգսերով մտահոգ Լեռնիկ Հակոբյանն այդ օրվան է սպասում. դա կզսպի ջուրն անխնա վատնողներին:
Տանձուտի նորակառույց թաղամասն էլ գազ չունի: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով կփորձեն գազիֆիկացնել թաղամասը:
Սա էլ Այգեշատ գյուղում է: Պետություն-համայնք փոխգործակցությամբ այստեղ էլ հանգստի գոտի է կառուցվում: Այգեշատցիները, որ մի քիչ էլ սպասեն, գեղեցիկ ու կանաչ պուրակ կունենան՝ ճեմուղիներով, զրուցարաններով:
Վանուշ Հակոբյան (Այգեշատ համայնքի ղեկավարի տեղակալ) - Նստարաններ կտեղադրվեն, կկանաչապատվի, հողային աշխատանքները կվերջացնենք, կանցնենք մնացածին:
Դպրոց, մանկապարտեզ ու գործող մշակույթի տուն ունեցող Այգեշատը, սակայն, գյուղամիջյան ճանապարհների նորոգման խնդիր ունի: