Կոմիտաս, Ազնավուր նվագող ձեռքը միջազգային օլիմպիադայից վերադարձել է արծաթե մեդալով: Ռոբոտին Ֆիզմաթի աշակերտներն ստեղծել են մեկ տարում: Հիմա նախագծում են երկու ձեռքով նվագող դաշնակահար:
Գևորգ Սարգսյան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ - Նաև գնում են աշխատանքներ նոր մատների վրա, որոնք ծալվում են երկու տեղից և նման են մարդու մատներին:
Հարևանությամբ ջերմոցի ղեկավարման ավտոմատացված ծրագիրն է: Մշակել են ջրելու, հողի խոնավությունը չափելու, եղանակային փոփոխությունները կառավարելու առանձին ծրագիր: Այսինքն՝ ջերմոցատերը տանը նստած մեկ կոճակով կարող է կառավարել ջերմոցի ամբողջ աշխատանքը:
Նարեկ Սարգսյան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ - Դուք կարողանում եք կառավարել տվյալները 24 ժամ՝ ինչպիսի վիճակում է գտնվում ջերմոցը: Այո՛, մենք կարողանում ենք ղեկավարել ջերմոցը, իմանալ տվյալներ ջերմոցից:
«Կրթություն և կարիերա»՝ հոբելյանական 20-րդ միջազգային էքսպոն մեկ հարկի տակ է համախմբել 50-ից ավելի տեղական և միջազգային կրթական, գիտական հաստատություններին՝ հնարավորություն տալով ներկայացնել վերջին մեկ տարվա ձեռքբերումներն ու առաջարկները:
Զարուհի Սարգսյան, «Կրթություն և կարիերա» էքսպոյի կազմակերպիչ - Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ ուսանողները, ուսուցիչները և ծնողները կարող են ծանոթանալ հաստատությունների կողմից ներկայացվող ծրագրերին, որոնք ժամանակակից կրթության ծրագրերն են:
Ժամանակակից կրթության մեթոդներին տիրապետելու համար երիտասարդների խումբն ստեղծել է կրթական ռեսուրսների առցանց հարթակ, մեկտեղել միջազգային հաստատությունների ծրագրերը: Այն անվճար է, հասանելի բոլորին: Լինի աշակերտ, ուսուցիչ, թե դասախոս, հարթակում կարող է գտնել իրեն համապատասխան թեման և ուսուցանել:
Անուշ Այվազյան, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար - Մեր նպատակներից մեկն է աշակերտների, ուսանողների շրջանում խրախուսել ինքնակրթության մշակույթը:
Առանց մրցունակ կադրերի Հայաստանի զարգացումն անհեռանկար է: Կրթության փոխնախարարը նմանատիպ էքսպոները համարում է կարևոր հարթակ՝ գտնել խելացի ուղեղների, աջակցելով ստեղծել նորարար տեխնոլոգիաներ:
Կարեն Թռչունյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Մարդիկ պետք է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունենան և իրենց գիտելիքները կիրառության մեջ ներդնելու հնարավորություն:
Գիտությունը թանկ հաճույք է, բայց կարևոր բաղադրիչ երկրի զարգացման համար: Երիտասարդ գիտնական Արփինե Փիլոյանը գիտական երկար ճանապարհ անցնելով Գերմաիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Չիլիում՝ վերադարձել և Ազգային գիտական լաբորատորիայում մյուս գիտնականների հետ գիտության զարգացման հեռանկարներն են ուրվագծում: Վստահ է՝ մագիստրոսական կրթաթոշակները, դրամաշնորհներն ու միջազգային կառույցների հետ գործակցությունը հնարավորություն է տալիս մոտ ապագայում Հայաստանը տեսնել գիտության քարտեզի վրա:
Արփինե Փիլոյան, ԱԱԳԼ հիմնադրամի գիտական գծով քարտուղար - Առաջարկում ենք բոլոր ուսանողներին սերտ կապեր ունենալ գիտական հաստատությունների հետ, այստեղ է բացվում դռներն իրենց առաջ, իրենք կարողանում են հնարավորություն ստանալ աշխատել աշխարհահռչակ գիտնականների հետ՝ շարունակելով մնալ գիտության մեջ:
Եռօրյա էքսպոյում կրթական և գիտական կառույցները նաև հնարավորություն են տալիս ծանոթանալ միջազգային հաստատություններում սովորելու եղանակներին, բայց պայմանով՝ վերադառնալ և կարողություններով աշխատել Հայաստանում: