Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ արդեն իսկ կա մշակված հավելված, որի միջոցով քաղաքացիները կունենան իրենց պատվաստված լինելու հավաստումը:
«Պատվաստման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակում գրանցվում է, և այդտեղից ինֆորմացիան ավտոմատ կերպով արտահայտվելու է հավելվածով: Հստակ ուղեցույցը մեր կայքում կլինի այսօր կամ վաղը: Եվ ինչպես տեսնում ենք՝ որպես ճամփորդելու պայման, էլեկտրոնային այս նորամուծությունները շատ կարևոր դեր են խաղում»,- նշեց Ավանեսյանը:
Անդրադառնալով պատվաստանյութերի մասով հերթական շահարկմանը, թե Հայաստանը պատվաստանյութ է բերել, որի պիտանելիության ժամկետը լրանում է 1 ամսից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհում բոլոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերը ունեն պիտանելիության ժամկետ: Առավել ևս նոր թողարկված պատվաստանյութերը ունեն պիտանելիության կարճ ժամկետ:
«Մենք պետական միջոցներ ենք օգտագործում այդ պատվաստանյութերը բերելու համար: Պատկերացրեք, որ ստացվի իրավիճակ, որ ձեռք բերենք պատվաստանյութերը մեծ քանակով: Օրինակ՝ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ 1 մլն դոզա պատվաստանյութ ենք ձեռք բերելու, նաև մյուս գործընկերներից:
Պատկերացրեք՝ բերենք այդ ամեն ինչը, պետական ահռելի միջոցները ծախսենք, ու վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում: Կստացվի շատ վատ բան, կրկնակի, եռակի վատ էֆեկտ: Այնպես որ այդ շահարկումներին չպետք է ուշադրություն դարձնել: Ամեն ինչ ունի իր պիտանելիության ժամկետը: Բնականաբար, քաղաքացիները կպատվաստվեն միայն պիտանելիության ժամկետի մեջ գտնվող պատվաստանյութերով»,- նշեց Փաշինյանը: