Սյունիքում ռազմաքաղաքական իրավիճակը հանգիստ չէ, բայց կկարգավորվի: Խորհրդարանում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը և շեշտեց՝ բնական է, որ բնակիչների մոտ վախ ու անհանգստություն կա:
Ստեփան Մելքոնյան, ԱԱԾ տնօրենի տեղակալ - Ամբողջ բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, որովհետև այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ինչպես դիրքավորված կայինք, այդպես էլ մնացել ենք։ Բայց դրա վերաբերյալ երկու պետությունների միջև ժամանակի ընթացքում, երբ որ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ արդեն կմոտենանք դելիմիտացիային, դեմարկացիային, նոր արդեն ավելի հստակ կլինեն մեր սահմանները, սահմանի հետ կապված հարցերը, ինժեներական կառույցները:
Թե երբ տեղի կունենա սահմանի վերջնական հստակեցումը, Ստեփան Մելքոնյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ դա կախված է նաև Ադրբեջանի վարքագծից։ ԱԱԾ պաշտոնյան, այնուամենայնիվ, լավատեսությամբ վստահեցրեց՝ իրավիճակը կկարգավորվի։
Ստեփան Մելքոնյանի խոսքով՝ կա այս հարցերով զբաղվող հանձնաժողով, որի աշխատանքի մեջ է մտնում նաև սահմանային շերտի ապահովումը։ Լրագրողի դիտարկմանը, թե այդ գործընթացի արդյունքում Հայաստանը հնարավո՞ր է տարածք զիջի, արձագանքեց.
Ստեփան Մելքոնյան - Ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին, դուք ո՞նց կարող եք սահմանային շերտը ձևավորել հարևանի տարածքի հաշվին:
ԱԱԾ տնօրենի տեղակալը հերթական անգամ պնդեց՝ «Մեղրիի միջանցքի» մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Հիշեցրեց՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբն ուսումնասիրում է ճանապարհների ապաշրջափակման հնարավոր տարբերակները:
Ստեփան Մելքոնյան - Գիտեք, որ փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողովն ուսումնասիրում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակները: Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել տրանզիտ փոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ միջանցքներ:
Հարավային մարզում իրավիճակն անհանգստացնում է նաև ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանին: 44-օրա պատերազմից հետո նրան հազվադեպ կարելի է տեսնել խորհրդարանում: Այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց՝ մարզում ամեն պահ թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել: Ինչպես ինքը նկարագրեց, 2 ժամ կանգնել է այնտեղ, մի սահմանապահ չի մոտեցել: Նիստից հետո լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը:
Սասուն Միքայելյան, ԵԿՄ վարչության նախագահ - Այն, ինչ կա, մենք պետք է բարձրաձայնենք: Եթե լռենք, վաղը վատ բաների առաջ կկանգնենք: Իմ խոսելով ես իմ կուսակցությանը վնաս չեմ տալիս, օգուտ եմ տալիս: Մենք պետք է այս վիճակից դուրս գանք:
Միքայելյանը պատասխանեց նաև իր քաղաքական թիմին ուղղված որոշ մեղադրանքներին: Անդրադառնալով առաջիկա ընտրությանը և Քաղաքացիական պայմանագրի շանսերին՝ Միքայելյանը շեշտեց՝ որոշողը ժողովուրդն է, սակայն ընտրության գնալը խիստ անհրաժեշտ է:
Իսկ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով պարբերաբար հանդիպում են, նաև կապի միջոցով հաղորդակցվում Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները: