ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է համարվել վարչապետի պաշտոնակատար` վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում, և արդյոք կա՞ փոխարինման իրավական հնարավորություն։
«Դիսկուրսը խիստ արհեստական է։ Հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետը, ինչպես և Կառավարության մյուս անդամները, շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը։ Մասնավորապես, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նաև այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում։ Նույն այդ հոդվածով նախատեսվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Իսկ Կառավարության անդամների կազմը սահմանվում է արդեն 147-րդ հոդվածով, որի համաձայն Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Ինչ վերաբերում է 2018 թ. Սերժ Սարգսյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքերի միջև զուգահեռների անցկացմանը, Բադասյանը պարզաբանել է՝ 2018 թվականի ապրիլի 23-ին Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով Կառավարությունը, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համապատասխան կարգավորումները և վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որոշել է փաստել Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այդ պահին գործող Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանող Կառավարության որոշման համաձայն վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքով պայմանավորված Սերժ Սարգսյանին փոխարինել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այսինքն՝ մի կողմ թողնելով անհնարինության հիմքերի, տվյալ դեպքում՝ կիրառելիության կամ չկիրառելիության հարցը, դեռևս 2018 թվականի ապրիլին նախորդ իշխանությունների կողմից, Կառավարության որոշմամբ, ըստ էության, փաստվել է, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը չի հանգեցնում նրա կողմից իր պարտականությունների կատարման բացառման, և անհրաժեշտ է լրացուցիչ ակտ, որպեսզի Սերժ Սարգսյանին փոխարինի Կարեն Կարապետյանը։
Ասեմ ավելին՝ երբ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, դրանից հետո նա շարունակեց կատարել իր պարտականությունները մինչև 2019 թվականի նոր կառավարության կազմավորումը։
Այսինքն` ոչ միայն Սահմանադրության վերը նշված հոդվածներն են հստակ կարգավորում այս հարցը, այլև երբեք այլ ընկալում նշված հարցի մասով չի էլ եղել»,- ասել է Բադասյանը:
Դիտարկմանը՝ կա՞ վարչապետի փոխարինման իրավական հնարավորություն, եթե վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո չի շարունակում կատարել վարչապետի պարտականությունները, Բադասյանն ընդգծել է՝ Կառավարության որոշմամբ նախատեսվում են վարչապետի փոխարինման կառուցակարգեր միայն վարչապետի բացակայության և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում, որոնցից ոչ մեկը չի ներառում վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքը։
«Եվ այսօր ես նկատում եմ, որ մի մասն ասում է, որ մի՛ փոխվարչապետը պետք է պաշտոնավարի, մյուս մասը՝ որ մյո՛ւսը, բայց չի ներկայացվում ասվածի գեթ մեկ իրավական հիմք, այսինքն՝ այն անձինք, որոնք պնդում են, որ վարչապետի հրաժարականի փաստով միայն վերջինս չի կարող շարունակել կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը, ըստ էության պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև նոր կառավարության կազմավորումը չպետք է ունենա գործադիր իշխանության ղեկավար, և, կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում նման պնդման հիմնազուրկ և, թույլ տվեք ասել, անհեթեթ լինելը»,- խոսքը եզրափակել է Ռուստամ Բադասյանը: