Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի քննարկմամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն մեկ տարի է՝ ապրում ենք համավարակի պայմաններում: Կառավարության որդեգրած ռազմավարությունն էլ այն է, որ պետք է սովորել ապրել Քովիդ-19-ի հետ:
«Ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է: Խոսքը պատվաստման մասին է: Իհարկե, պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել խնդրին, բայց հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում՝ ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական: Ժամանակակից աշխարհում նաև տնտեսության համար կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ զբոսաշրջության ոլորտում երկրները գնահատվում են որպես ցանկալի ուղղություն նաև այս չափանիշով:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պատվաստանյութերը հասանելի են 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու:
«Անկախ կցագրման վայրից՝ քաղաքացին կարող է իր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կունենանք շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք Քովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու և, ցավոք, նաև մահվան դեպքերով»,- նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ հորդորելով բոլորին ակտիվ ներգրավվել պրոցեսում:
Ավանեսյանը հիշեցրեց, որ երեկ ինքն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել են և իրենց լավ են զգում: Վարչապետի պաշտոնակատարը հորդորեց Կառավարության անդամներին՝ մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել:
Նախարարի պաշտոնակատարը բերեց Իսրայելի և Մեծ Բրիտանիայի օրինակները, որտեղ պատվաստումները 50 տոկոսից ավելի են, կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կտրուկ անկել են:
Փաշինյանը նշեց, որ այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է:
«Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով: Այնպես որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը»,- նշեց Փաշինյանը: