Մարզերում երիտասարդների զարգացման համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ կստեղծվեն: ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային ծրագրով ընտրել է վեց կազմակերպություն՝ երիտասարդների մշակութային-ժամանցային միջավայրերն ապահովելու, ձեռներեցության կարողություններն ու ինքնազարգացման հնարավորություններն ընդլայնելու համար:
Արայիկ Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք տասնամյակներ շարունակ խոսում ենք մշակույթի ապակենտրոնացման անհրաժեշտության մասին, որ մեծ մասամբ ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, և շատ հաճախ համայնքները պարզապես դուրս են մնում այդ նախագծերից:
Նախորդ տարի վարչապետի հանձնարարականով դրամաշնորհային մրցույթ հայտարարվեց, բայց ծրագրերը չիրագործվեցին Քովիդի ու պատերազմի պատճառով: Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ ծրագրերը կյանքի կկոչվեն այս տարի:
Արայիկ Խզմալյան - Այս խնդրի լուծումը դանդաղում է մի քանի պատճառով: Նախ՝ երբ մենք ուզում ենք համայնքներում միջոցառում իրականացնել, պարզվում է, որ մենք լրջագույն խնդիր ունենք ենթակառուցվածքների, միջավայրի և, որ ավելի բարդ է, կադրային քաղաքականության հետ: Ամենալավ գաղափարը չի կարող իրականացվել, եթե չկան համապատասխան կադրերը, որոնք պիտի իրականացնեն այդ նախագծերը:
Մարզերի երիտասարդ, լավ կադրերն այլևս մայրաքաղաք գալու անհրաժեշտություն չեն ունենա: Իրենց նախաձեռնությունները կկարողանան իրագործել կամ այլընտրանքային կրթություն ստանալ հենց մարզերում՝ նշում է Խզմալյանը:
Բյուրականում կհիմնվի մշակութային լաբորատորիա, որն այլընտրանքային կրթական ծրագրերի, համաժողովների հնարավորություն կապահովի մարզի շուրջ 3000 երիտասարդի համար: Էջմիածնում կիրականացվի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը՝ 40 երիտասարդի վերապատրաստելով տարբեր ոլորտներում:
Արայիկ Խզմալյան - Շատ դժվար է ասել՝ սա կանկրետ մշակութային է, կրթական է, ընտանեկան ժամանցի միջավայր է թե գրադարան է: Աշխարհը ցույց է տալիս, որ ժամանակակից երիտասարդներին դուր են գալիս նման խառնածո իրականությունները, և մի միջավայր, որը չունի կոնկրետ ուղղվածություն, որը պարզապես ստեղծում է կոմֆորտ, բարենպաստ պայմաններ:
Գյումրիում հայ և օտարերկրացի արվեստագետների երկխոսությունը կապահովի «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը՝ իրականացնելով շուրջ 24 մշակութային միջոցառում: Գերմանիայում մի քանի միջոցառում իրականացնելուց հետո որոշել են իրենց փորձով կիսվել նաև Հայաստանում:
Մարիա Մատինյան («ԳՈՒՐԲԱՆ» մշակութային կենտրոնի համահիմնադիր) - Հանրային տարածքներում լինելու են արվեստի գործեր, փոքրիկ ցուցադրություններ, միջոցառումներ: Քանի որ ուզում ենք, որ միանգամյա չլինի, կարևոր է, որ լինի կենտրոնը՝ արտլաբը: Ունենք տուն Գյումրիին հարակից Բասեն գյուղում. տունը պետք է վերանորոգվի, վերափոխվի, լինելու են արվեստանոցներ և այլն:
Արագածոտնի մարզում, Թալինում կիրականացվի «Ստեղծարար համայնք» նախագիծը: Մասիսում նախատեսվում է ստեղծել երիտասարդական կենտրոն, որը տարեկան շուրջ 300 երեխայի համար կապահովի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթություն:
Վանաձորում էլ՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոնը:
Արևիկ Համբարձումյան («Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն) - Պահպանելով գրադարանային ամբողջ ֆունկցիոնալ գործընթացն ու առաջ դնելով կարդացողի իրավունքները՝ փորձենք հավելյալ ծառայություններ ստեղծել նույն տարածքում, որն իհարկե պետք է վերափոխվի այնպիսի միջավայրի, որի կարիքը կա մարզում, որին սպասում են:
Մանկական գրադարանը չի փակվելու՝ տեղը զիջելով բիզնեսին, ինչպես մամուլում էր շրջանառվում՝ նշում է կենտրոնի գլխավոր տնօրենը, այն տեղափոխվում է այլ մասնաշենք: Իրենց նպատակն է գիրք կարդալու համար ժամանակակից ու հարմարավետ միջավայր ապահովելը, որ ընթերցանությունն ավելի նախընտրելի զբաղմունք լինի մարզի երիտասարդների համար:
Արևիկ Համբարձումյան - Գիրք կարդալը մնալու է հիմքում. վերազինելու ենք ալտերնատիվ գրականությամբ: Միևնույն ժամանակ «Լոֆթը» իր բուն սկզբունքով է առաջնորդվելու. բազմաշերտ միջոցառումներ կկազմակերպվեն:
Արդեն այս տարի մարզի երիտասարդության համար ոչ ֆորմալ կրթություն և մշակութաժամանցային միջավայր ապահովող մարզային կենտրոններից որոշները կսկսեն գործել: