Կձևավորվեն նախադրյալներ մեր երկրում Trade in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորման տեսանկյունից: Կառավարությունում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Ֆինանսների նախախարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ համաձայնել են այս բնագավառում ինստիտուցիոնալ բիզնես վարողների հետ, որոնք ավտոմոբիլներ արտադրողների ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչներն են:
«Նրանք արձանագրել են, որ մեր հարկային համակարգում եղած կարգավորումներն, ըստ էության, ոչ միայն չեն նպաստում, այլև խոչընդոտում են համակարգի իրացմանը: Ավելացված արժեքի հարկի բազայի հաշվարկման տեսակետից համարվում է, որ այսօրվա գործող կարգավորմամբ, երբ ֆիզանձը վաճառում է իր ավտոմեքենան ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությանը, վերջինիս մոտ առաջանում է պարտավորություն ամբողջ արժեքի չափով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ մյուս խոչընդոտն էլ այն է, որ նույն ֆիզանձի դեպքում ճանաչվում է եկամուտ, որի 10 տոկոս եկամտային հարկի պարտավորության կատարումը նույնպես դառնում է տվյալ կազմակերպության պարտավորությունը:
Փաթեթի ընդունման արդյունքում կլինի լիցենզավորում տվյալ գործունեության տեսակի համար, որ միայն ինստիտուցիոնալ կազմակերպությունները կարողանան իրականացնել տվյալ աշխատանքը: Իրավական դաշտի առումով կձևավորվի հարթակ, որը հիմք կհանդիսանա ավտոմեքենաների երկրորդային շուկայի կայացման համար:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է: Ասաց՝ աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները փոխարինելու համար հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում նոր ավտոմեքենա:
«Մենք ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ մեր գործող հարկային համակարգը այս պրոցեսի համար նպաստավոր չէ և չի շահագրգռում, որ այդ գործարքների շուկան զարգանա: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել գործընթացին, որպեսզի մեր երկրում նաև ավտոմեքենաների պարկը թարմանա և ավելի հեշտ լինի քաղաքացիների համար հին ավտոմեքենան նոր ավտոմեքենայով փոխարինելը»,- ասաց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ ընդգծեց, որ առաջ դիլերները, երբ գնում էին մեքենաներ անհատներից, ապա վաճառելուց ստիպված էին լինում տալ ավելացված արժեքի հարկ վաճառքի ամբողջ գումարից, նոր կարգավորումներով ընդամենը գնային տարբերությունից պետք է վճարեն ավելացված արժեքի հարկ:
«Ակնկալում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում կտրուկ կաշխուժանա նոր մեքենաների վաճառքը»,- ասաց Քերոբյանը: